Գերիների և անհետ կորածների ծնողները ԱԺ-ում ներկայացրել են հանձնաժողովի աշխատանքի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

հանձնաժողով

Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում հանձնաժողովի անդամների և գերիների ու անհետ կորածների ծնողների միջև։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։

«Հանդիպման ժամանակ պատգամավորները լսել են ծնողների մտահոգությունները և դիտարկումները «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի» աշխատանքների վերաբերյալ։

Ծնողներն առաջ են քաշել մի շարք խնդիրներ և առաջարկություններ վերոնշյալ հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման համար՝ ակնկալելով ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անմիջական միջամտությունն ու ներգրավածությունը վերը նշված խնդիրների լուծմանը։

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել գործուն միջոցներ ձեռնարկել խնդրո առարկայի կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ