Իրականացվում են արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատման աշխատանքներ. ՇՄՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

l-33x0wh-1854x1080z-0.4241.jpeg

Շրջակա միջավայրի նախարարությունից, ի պատասխան գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերի, հայտնում են, որ խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում։

««Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ» հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի ուշադրության ներքո են գտնվում գորշ արջերի առանձնյակների վարքի ուսումնասիրությունները և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների քննարկումները։

Տարվում են աշխատանքներ՝ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ, իրականացվում են արջերի տարածվածության ու թվաքանակի հաշվառման, արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատման աշխատանքներ։

Արձանագրված յուրաքանչյուր դեպք ունի ուրույն պատճառներ, և խնդրի լուծումը պետք է լինի համալիր և բնապահպանական ու սոցիալական շահերն իրար չստորադասող»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունից հիշեցնում են, որ Գորշ արջը (Ursus arctos) գրանցված է Հայաստանի Հանապետության կենդանիների Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «խոցելի»։

Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 27-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը, այդ թվում` հայթայթումը, թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև արհեստական և բնական պայմաններում` դրանց վերարտադրության նպատակներով` կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Կառավարության սահմանած կարգով:

Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով

 կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

--00--ԶՀ