Չեմ պատկերացրել՝ պետությունը կարող է հարցեր ունենալ․պատգամավորը՝ «Զենքի շրջանառության» օրենքի մասին

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

սս

ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նոր փաթեթ մտցնելու նախագիծ է դնելու շրջանառության մեջ։

Նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքը, բազմաթիվ լավարկումներով հանդերձ, ունեցել է խնդիր, որն, ըստ էության, թույլ չէր տալիս օրենքը կիրարկել լիարժեք և առաջին անգամ զենքի թույլտվություն ստացող քաղաքացիների համար, ըստ տեքստի և տեխնիկական պայմանների, փաստացի կար անհաղթահարելի խոչընդոտ:

«Խոչընդոտը, ըստ էության, ստեղծվել է այն պատճառով, որ ես ու որոշ գերատեսչությունների գործընկերներ չենք կարողացել ճշգրիտ կոմունիկացիա անելով եզրահանգման գալ «Ռազմամարզական կազմակերպությունների» մասով:

Ըստ այդմ, խնդիրը ստեղծվել է իմ սխալ հաշվարկի պատճառով, քանզի չեմ պատկերացրել, որ պետությունը կարող է հարցեր ունենալ և լրացուցիչ հիմնավորումների կարիք լինի «Ռազմամարզական կազմակերպությունների» մասով, ինչի համար հայցում եմ Ձեր բոլորիդ ներողամտությունը:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերը նշված կազմակերպությունների մասով ամենաբարձր մակարդակով ընթանում են քննարկումներ և առաջիկայում որոշումներ կլինեն նաև այդ մասով: Ես խորապես համոզված եմ, որ այս ՌՄԿ-րի կարիքը մեր պետությունը ունի ոչ միայն նեղ մասնագիտական գործունեության շրջանակներում, այլ նաև համապարփակ առումով:

Երկրորդը` ես քննադատությանը շատ դրական եմ վերաբերում, որովհետև առանց քննադատության սխալներ գործելու հավանականությունը շատ ավելի մեծ է, ասեմ ավելին՝ ինձնից լավ ինձ ոչ ոք չի կարող քննադատել, բայց պետք է հստակ ընկալում լինի, որ քննադատությունը պետք է միտված լինի արդյունքի, այլ ոչ զուտ «գալոչկայի» համար մտահոգություն հայտնելու՝ թե իբր տեսե՛ք, մտահոգ եմ, տեսե՛ք, որ ես ասել էի: Ինչպես նաև ես շատ հարգանքով եմ վերաբերվում օրենքի շրջանակներում պահանջատիրությանը, սակայն ընդհանրապես հասկանալի չէ, երբ դա սկսում է դառնալ որոշակի ուլտիմատումներով խոսելու ոճ, առավել ևս, երբ ձեր դեմ լուռ անանցանելի պատ չէ, այլ ձեզ ուշադրությամբ լսող մարդիկ և վստահեցնում եմ, որ չլսված մարդ չկա։

Ուշադրություն է դարձվում ցանկացած խոսքին, բայց, երբ մտնում ես ուլտիմատումի դաշտ, փաստացի, ի սկզբանե կարող ես փակել խոսակցության հնարավորությունը, էլ չեմ ասում այն մասին, որ այդ ուլտիմատումն այլ տեղերում, սեփական նկատառումներից ելնելով, կարող են փորձ անել օգտագործել, և վնաս հասցնել նրան, ինչ որ արվում է համընդհանուր շահի համար։

Երրորդը՝ եկեք հասկանանք, որ չկա մի անձ, որը գիտի ամեն ինչ, և միայն իրար հետ հետևողականորեն աշխատելով, իրար լսելով, փորձելով իրար ընկալել առանց մեծամտության դրսևորումների, կկարողանանք լուծել այն խնդիրները, որոնք մեր առջև ծանրացած են։

Եվ վերջինը` վաղը ԱԺ արտահերթ նիստի ընթացքում փոփոխություններ են տեղի ունենալու «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում: Փոփոխությունը այս փուլում լինելու է միջանկյալ, որպեսզի օրենքը կարողանանք, ի վերջո, աշխատեցնենք: Անմիջապես դրանից հետո շրջանառության մեջ եմ դնելու օրենքի փոփոխությունների նոր փաթեթ, որը շատ ավելի է լավարկելու և պարզեցնելու ընթացակարգերը:

Եղեք զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն, հետևողական»։

--00—ՍՊ