Գարդման-Շիրվան-Նախիջևանի արձագանքը Ադրբեջանի կողմից հայկական տեղանունների աղավաղման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

գա.

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հայկական տեղանունների աղավաղման կապակցությամբ։

«Ադրբեջանական էթնոֆոբիայի քարոզման կարևոր ուղղություններից մեկը հայկական տեղանունների աղավաղումն է։ Ադրբեջանական հասարակական-քաղաքական քարոզչամեքենան բոլոր խողովակներով լայնորեն խեղաթյուրում է ոչ միայն պատմությունը, այլև փորձում է խեղել հասարակական-ժողովրդական ընկալումները՝ հայկական և հայահունչ տեղանունների պարտադիր ադրբեջանականացմամբ։ 

Այս պայքարի թիրախում են առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայկական տեղանունները։ Ադրբեջանը միջազգային մակարդակով փորձում է հասնել «Ստեփանակերտի» այլացմանը, որը պատմության գեթ մեկ ակնթարթ անգամ չի եղել ադրբեջանական՝ փորձելով զրկել և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ Ստեփանակերտը հայության և հայկականության հետ որևէ մերձաղերսից։ Սա էթնիկ զտմանը հաջորդող տրամաբանական զարգացում է, որը թեև մշտապես եղել, սակայն այսօր առավել առարկայական է դարձել, քանի որ Ստեփանակերտը դատարկվել է հայերից, ովքեր մշտապես եղել են քաղաքի բնակչության մեծամասնությունը։ 

Ադրբեջանը պետք է, որ հասկացած լիներ, որ անվանումների մակերեսային այլախեղումը երբեք չի կարող ստիպել այն մարդկանց, ովքեր օրգանապես կապված են տվյալ բնակավայրին, կորցնել իրենց մտակերտվածքային աղերսը։ 

Զորօրինակ Նախիջևանը, որտեղ այսօր որևէ հայ չի մնացել, շարունակում է ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային ընկալումներում բնութագրվել որպես հայկականության ցուցիչ, որովհետև միայն հազարամյա բնակությունն ու այդ բնակության արդյունքում ստեղծված ոգեղեն մշակույթը կարող է վկայել անցյալի իրողությունների մասին։ Սա հստակ գիտակցելով՝ Ադրբեջանը արդեն տասնամյակներ իրականացնում է մշակութային սպանդ՝ կտրելով պատմական հիշողության փոխանցման ամենավստահելի միջոցը։ Այս քաղաքականության զոհն են դարձել Հին Ջուղայի, Բաքվի Մոնտինոյի հայկական գերեզմանատները, հայկական եկեղեցիներն ու կոթողները։ 

Ադրբեջանի նման՝ համահարթեցնող ձգտումներն իրապես լուրջ վտանգներ են պարունակում։ Խաչքարի, եկեղեցու, տան, անտառի, աղբյուրի ոչնչացումից Ադրբեջանն անցել է նաև հիշողության ոչնչացմանը։ 

Ուստի մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը հետամուտ լինել այս զազրելի գործելակերպին և համարժեք պատասխան տալ՝ այսօր իսկ ապահովելով ապագայի անվտանգությունն ու մշակութային բազմազանության հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։

--00--ԼՀ