ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

ff

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախարարության կոլեգիայի նիստ է անցկացրել «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով, հայտնում է 1Lurer.am-ը։ 

«Ընդգծվել է, որ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու նպատակով հավաքական Արևմուտքն Ուկրաինայից հետո ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, ներառյալ՝ Հարավային Կովկասը, խաթարել դաշնակցային և գործընկերային հարաբերությունները, որոնք կապում են Ռուսաստանը տարածաշրջանի երկրների հետ, ոչնչացնել հավաքական անվտանգության և տնտեսական գործընկերության գործող մեխանիզմները»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ռուսաստանի համար միշտ առաջնահերթություն է եղել և շարունակում է լինել Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովումը: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան շարունակելու է զարգացնել փոխշահավետ համագործակցությունը տարածաշրջանի բոլոր պետությունների հետ:

«Անհրաժեշտ է համարվել շարունակել քայլերը՝ հասնելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացմանը, ներառյալ՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը»,- ասված է նիստի ավարտին տարածված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դիտարկվել են «տարածաշրջանի կապվածության և ինքնաբավության ամրապնդման հարցերը՝ ի շահ նրա առջև ծառացած խնդիրների լուծման»՝ առանց արտաքին միջամտության։ Ընդգծվել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նշանակությունը. նախանշվել են գործնական քայլեր այդ ուղղությամբ։

--00—ՍՊ