Մեկնարկել է «Սասնա ծռեր» էպոսի պահպանման և տարածման ծրագիրը՝ ԿԳՄՍՆ աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման եւ տարածման ծրագիրը, որի նպատակն է պահպանել եւ տարածել հայկական հոգեւոր եւ մշակութային արժեքները, նպաստել դրանց ընկալմանն ու գնահատմանը:

Ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին՝ ՀՀ Արագածոտնի մարզում: 2013 թվականից իրականացվում է հանրապետական ձեւաչափով՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը:

Ծրագրի համալիր միջոցառումների ցանկում կկազմակերպվեն էպոսասացության մրցույթներ, որոնց մարզային փուլերի հաղթողները կմասնակցեն էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլին: Այն տեղի կունենա 2019 թ. հոկտեմբերի 5-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքում:

Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումն ու երիտասարդ սերնդի ժամանակակից հետաքրքրությունները՝ 2017-2018 թթ. իրագործված ծրագրերի շրջանակում ստեղծվել է «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ եւ ժամանցային բջջային հավելվածը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում եւ հասանելի է Android եւ IOS համակարգերի համար:

2019 թ. նոր ծրագրով նախատեսվում է կատարելագործել «Սասունցի Դավիթ» բջջային հավելվածը՝ համալրելով «Ինտելեկտուալ խաղեր» բաժնի հարցերի բազան, «Ժամանցային խաղեր» բաժնում ստեղծելով էպոսի թեմայով եւս մեկ խաղ՝ հավելվածը ավելի բազմաբովանդակ դարձնելու համար: Ավելացվելու է նաեւ հղումների կոճակների քանակը, ինչը զգալի դյուրացնելու է տվյալների որոնումը:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել էպոսի ճանաչողության շրջանակի ընդլայնմանը, կատարողական ավանդույթների կենսունակության ապահովմանը, սերնդեսերունդ փոխանցմանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցված նույնանուն տարրի պահպանությանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news