Ուկրաինայի դատարանը օրինական է համարել 2018-ին Սաակաշվիլու արտաքսումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

բակո

Ուկրաինայի Գլխավոր դատարանը օրինական է համարել 2018 թվականի փետրվարին «Նոր ուժերի շարժում» ուկրաինական կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլու արտաքսումը ուկրաինական տարածքից Լեհաստան։ Այս մասին տեղեկանում ենք դատարանի մամուլի ծառայության Ֆեյսբուքյան էջից։

Գլխավոր դատարանը չի բավարարել Սաակաշվիլու վճռաբեկ բողոքը արտաքսման մասին որոշումն անօրինական ճանաչելու եւ չեղարկելու մասին։ Տեղեկացվում է, որ դատավորները ուժի մեջ են թողել նախորդ ատյանների դատարանների վճիռները, որոնք նույնպես մերժել են Վրաստանի նախկին նախագահի պահանջները։

Հոկտեմբերին Ուկրաինայի Գլխավոր ռազմական դատախազությունը քրեական վարույթ է սկսել Սաակաշվիլու դիմումի վերաբերյալ՝ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից 2018-ի փետրվարին իրեն առեւանգելու մասին։

2015-ի մայիսին Պորոշենկոն վրացի քաղաքական գործչին ուկրաինական քաղաքացիություն տվեց եւ նշանակեց Օդեսայի նահանգապետ։ Այդ պաշտոնը Սաակաշվիլին զբաղեցրեց մեկուկես տարի, ինչից հետո անցավ գործող նախագահի ընդդիմության շարքերը։ 2017-ի ամռանը  Պորոշենկոն Սաակաշվիլուն զրկեց քաղաքացիությունից, իսկ 2018-ի փետրվարին ուկրաինական հատուկ ծառայությունները կալանավորեցին նրան, արտաքսեցին երկրից եւ արգելեցին մտնել երկիր մինչեւ 2021 թվականը։ Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնեց Սաակաշվիլու քաղաքացիությունը։ Քաղաքական գործիչը Ուկրաինա է վերադարձել մայիսի 29-ին։