ՀՌՀ նախագահի հայտարարությունը չի բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շահերից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

ՍԴ

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ պատասխանելով ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին, ըստ որի՝ ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը հանրային մուլտիպլեքսում «ազգային անվտանգության սպառնալիք է»։ Ըստ դեսպանատան հայտարարության՝ Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակման արգելափակման մասին պնդումը տարակուսելի է, չի համապատասխանում Հայաստանի ղեկավարության՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին հայտարարություններին։

«Ուշադրություն դարձրինք ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի այն հայտարարությանը, թե տեղական մուլտիպլեքսում արտասահմանյան, այդ թվում՝ ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։

Զարմանքով նաև տեղեկացանք, որ իբր ՌԴ դեսպանը համաձայն է Հակոբյանի այս պնդման հետ։ Ուզում ենք հիշեցնել, որ ՌԴ դեսպանի հետ կայացած միակ, և այն էլ բավական վաղուց հանդիպման ժամանակ Հակոբյանի հնչեցրած առանց արտասահմանյան հեռուստաալիքների մուլտիպլեքս ունենալու կարծիքն ընդունվել է ի գիտություն։ Դրա հետ մեկտեղ, դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների շահերը, որոնք հանդիսանում են ռուսական ալիքներին հետևողների բավական կարևոր մաս։

Ընդհանուր առմամբ Հայաստանի ղեկավարության՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին հայտարարությունների ֆոնին «ռուսական ալիքների վերահեռարձակմումը՝ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք լինելու մասին թեզը» տարակուսանք է առաջացնում», - ասված է ՌԴ դեսպանության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Տիգրան Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։ Ըստ Հակոբյանի՝ Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիքներ կան, որոնք կարող են հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի նկատմամբ, օրինակ՝ Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի: