Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայանալու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

աժ

Փետրվարի 6-ին նախատեսված Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայանալու։ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ իր նախորդ որոշումն արտահերթ նիստ գումարելու մասին ճանաչվել է անվավեր։

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Ազգային ժողովի նախագահի 2020 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-16-Լ որոշումը ճանաչել  անվավեր:

2. Առաջարկել 2020 թվականի փետրվարի 6-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունը պաշտոնապես ներկայացրած Ազգային ժողովի պատգամավորների՝ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ գրությունը, ինչպես նաեւ դրան կից ներկայացվող փաստաթղթերը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերի եւ 7-րդ մասի 2-րդ կետի պահանջներին»,- նշված է ԱԺ նախագահի՝ հունվարի 31-ին ստորագրած որոշման մեջ»,- հայտնում է Ազգային ժողովը:

Փետրվարի 6-ին արտահերթ նիստը պետք է գումարվեր հետևյալ օրակարգով. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում)»,- նշված է հունվարի 30-ի որոշման մեջ: