Արցախի 776 քաղաքացի կընտրի ՀՀ-ում, մինչդեռ պարետը 20 մարդուց ավելի հավաքներն արգելել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

արցախ

Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները ընտրություններին կմասնակցեն Հայաստանում, ուստի Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները 2020 թ.-ի մարտի 31-ին նախատեսված ընտրություններին մասնակցելու համար պետք է մինչև մարտի 26-ը ներառյալ ներկայանային ԱՀ մշտական ներկայացուցչություն, դիմում գրեին Երևանի ընտրատեղամասում ընդգրկվելու համար։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Արցախի ներկայացուցչության գլխավոր մասնագետ Նառա Նիկողոսյանը:

Նա նաև նշել է, որ այն քաղաքացիները, որոնք նշված ժամկետում դիմում չեն ներկայացրել ու տեղյակ չեն եղել այս որոշման մասին, չեն կարող ընդգրկվել ընտրական ցուցակներում։

«Երևանում ԱՀ ընտրության մասնակցելու ևս մեկ տարբերակ կա։ Քաղաքացիները կարող են ընտրել Երևանում, եթե նախապես Արցախից տեղեկանք են վերցրել լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար»,-ասել է գլխավոր մասնագետը և տեղեկացրել, որ ընտրությունը տեղի է ունենալու Արցախի մշտական ներկայացուցչությունում, իսկ ընտրացուցակում ընդգրկվելու համար դեմում է ներկայացրել Արցախի 776 քաղաքացի։

Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունը կլինի մարտի 31-ին: Մինչդեռ Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարվել է արտակարգ դրություն, որով արգելվել է հավաքների անցկացումը, իսկ պարետի որոշմամբ՝ նաև հանրային միջոցառումների անցկացում։ Հանրային միջոցառում է համարվում 20 եւ ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող միջոցառումները։