Այո՛, իմբիրի, սխտորի, կիվիի գինը աճել է, բայց խոզի մսի, բենզինի գներ էլ իջել են. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում թանկացումների վերաբերյալ հետևյալ գրառումն է արել. «Այո՛, իմբիրի, սխտորի, կիվիի գինը էական աճել է, բայց խոզի մսի, բենզինի և այլ ապրանքների գներ էլ էական իջել են։ Կարծում եմ՝ առաջին հերթին մենք մեր ռացիոնալ վարքագծով կարող ենք զսպել գնաճը և հակառակը։ Իհարկե ՏՄՊՊՀ պետք է շարունակի ուշադիր հետևել շուկային»։

Պատգամավորի գրառման տակ ֆեյսբուքյան օգտատերերը հիշեցրել են, որ թանկացումները վերաբերում են առաջին անհրաժեշտության ապրանքներին, որոնք հնարավոր չէ փոխարինել խոզի մսով կամ բենզինով։

«Թանկացել են նաև ոսպը, հնդկաձավարը, ձուն, կարագը, ալյուրը... խոզի մսի գնի իջեցման մասին, որ գրեցիր, հիշեցի Ֆրանսիայի թագուհուն, եթե մարդիկ հաց չունեն, թող կարկանդակ ուտեն․․․»,– գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը

Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր գրել է. «Խոզի միս, բենզին և առհասարակ նմանատիպ ապրանքներն ամեն օր չես առնում, կամ ուտում: Հետեւեք, պարոնայք պատգամավորներ: Եթե ես չեմ վաստակում, կամ վաստակում եմ 150000 դրամ, հաստատ էս նեղ մաջալին չեմ գնալու խոզի չալաղաջ առնեմ, կամ մեքենաս բենզին քշեմ: Կգնամ ու կգնեմ ոսպ, բրինձ, աղ, շաքարավազ և նման բաներ, որոնց գինը էականորեն բարձրացել ա»: