Անմիջապես հրապարակել Ա․ Սիմոնյանի և Ա․ Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի տեսագրություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News 

Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը պահանջում է այսօր Երեւանի կենտրոնում Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի տեսագրությունն անմիջապես եւ ամբողջությամբ հրապարակել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր Երեւանի կենտրոնում Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը տեսագրվել է մասնավոր կազմակերպության պատկանող անվտանգության տեսախցիկներով։ Մեր փաստաբանական հարցմանն ի պատասխան՝ մեզ տեղեկացրել են, որ տեսագրություններն առգրավվել են իրավապահ մարմինների կողմից։

Հաշվի առնելով միջադեպի բնույթը եւ մեծ հանրային հնչեղությունը՝ պահանջում եմ անմիջապես եւ ամբողջությամբ հրապարակել տեսագրությունը։ «Նախաքննության գաղտնիքի» պատրվակով հրապարակման ուշացումը համարելու ենք ոչ իրավաչափ, քանի որ հակակշիռ իրավաչափ շահը՝ ճշմարտությունն իմանալու հանրության իրավունքը, այս դեպքում բացարձակ գերակա է»։