Հարուցվել է քրեական գործ «ՔՈ» կուսակցության քարոզարշավն Ապարանում խոչընդոտելու դեպքով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Քրեական գործ հարուցվել է՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգայի ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված «Քաղաքացու որոշումը» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները քարոզչություն են իրականացրել Ապարան քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտակայքում:

Այդ ընթացքում նույն սուպերմարկետի աշխատակիցը, խոչընդոտելով ընտրությանը մասնակցող հիշյալ անձանց լիազորությունների իրականացմանը, պահանջել է նրանցից հեռանալ, ապա, մերժում ստանալով, վիճաբանել է պատգամավորության թեկնածուների հետ եւ վերցրել նրանցից մեկի հեռախոսը, ով այդ պահին տեսանկարահանում էր միջադեպը:

Միջադեպից հետո պատգամավորության թեկնածուներին աշխատակիցը հրավիրել է սուպերմարկետ եւ տեւական ժամանակ պարզաբանումներից հետո վերադարձրել է հեռախոսը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը շարունակելու համար գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում միջադեպի առնչությամբ գրել էր. «Քիչ առաջ Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի հարակից տարածքում խոչընդոտվել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավը, որն իրականացնում էին կուսակցության թիվ 7 ընտրատարածքի տարածքային թեկնածուներ Մարիամ Չախոյանը եւ Ռոբերտ Դավթյանը։ Անհայտ անձինք հորդորել են հեռանալ տարածքից, խփել հեռախոսին նկարելու ընթացքում, խլել այն։ Տարածքում եղել է նաեւ ոստիկան, որը չի միջամտել»: