ԱԺ-ն կբացվի, երբ քաղաքական մեծամասնությունը կգա ԱԺ՝ վարչապետի հրաժարականի պահանջելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

«Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ եթեր է մտել Բաղրամյան պողոտայից՝ հայտարարելով, որ շարունակելու են փակ պահել ԱԺ մուտքերը, քանի դեռ քաղաքական մեծամասնությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չի ներկայացրել: 

«ԱԺ-ն կբացվի այն ժամանակ, երբ քաղաքական մեծամասնությունը կգա խորհրդարան գերագույն գլխավոր դավաճանի հրաժարականի օրակարգով: Մենք պինդ ենք, ամուր ենք, անկոտրուն ենք: Հոգնել չկա, հետքայլ չկա, մինչև վերջ գնալու ենք»,-ասել է Սաղաթելյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ գիշերը քաղաքացիները արգելափակած են պահել խորհրդարանի շենքի մուտքերը, Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում խաղաղ է եղել՝ առանց միջադեպերի: Վաղ առավոտից մարդիկ սկսել են մաքրել փողոցները՝ պատրաստվելով այսօր՝ ժամը 16:00-ին, կայանալիք հանրահավաքին:

Հիշեցնենք, որ մարտի 9-ին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կոչ է արել ներկաներին փակել ԱԺ մուտքերը, որպեսզի պատգամավորները չկարողանան մտնել կամ դուրս գալ շենքից: Ցուցարարները շարժվել են դեպի ԱԺ մուտքերը, ոստիկանները չեն կարողացել կասեցնել նրանց ընթացքը:

--00—ԼՄ