Ձեզ ասում եմ որպես ՏՏ մասնագետ՝ մենք ՏՏ երկիր չենք, ձևացնում ենք, թե ՏՏ երկիր ենք․ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

նկար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) ներկայացուցիչների՝ ամերիկահայ փաստաբաններ Կարո Ղազարյանի և Գառնիկ Քերքոնյանի հետ առցանց զրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ ՏՏ ոլորտին։

Թեմայի շրջանակում նախագահ Սարգսյանը անդրադարձը ներկայացնում ենք ստորև։

- Պետք է լինի մի կամուրջ, որը կմիավորի Հայաստանն ու Արցախը, խոսքը միայն Լաչինի միջանցքի մասին չէ, այլ իրական կամրջի: Որպես նախագահ, որպես պետական գործիչ, բանակցությունների վարպետ, Դուք պետք է որ լուծում ունենաք սրա համար: Ո՞րն է դա:

- Մեկ բառով՝ լուծումը «Չորրորդ Հանրապետությունն է»: Ես այս մասին հոդված եմ գրել, որի էությունը համառոտ հետևյալն է. Երրորդ հանրապետությունում շատ բաներ ճիշտ ենք արել, հաղթել ենք պատերազմում, պետություն ենք կառուցել, սակայն պետք է ընդունենք, որ շատ սխալ բաներ ևս արել ենք, և այդ ցանկը մեծ է:

Մենք տարիներ շարունակ ապրել ենք մի աշխարհում, որտեղ շարունակ ձևացրել ենք: Ձևացրել ենք, թե Հայաստանն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտ: Սակայն ձեզ ասում եմ որպես ՏՏ մասնագետ՝ մենք ՏՏ երկիր չենք: Այդ ոլորտում մասնագետների թիվը մեզ մոտ 6-10 հազար է: Սակայն մենք ձևացնում ենք և հավատում, թե ՏՏ երկիր ենք: Իհարկե, մենք ունենք ֆանտաստիկ դպրոցներ, սակայն դրանք միայն կղզյակներ են:

Ես հպարտ կլինեի, եթե սահմանին բնակվող երեխան կարողանար նույն կրթությունն ստանալ, ինչ Երևանում: Իսկ տաղանդավոր երեխաներ ծնվում են ոչ միայն Երևանի կենտրոնում, այլև ամենուր, և պետք է գտնել այդ երեխաներին, բացահայտել նրանց տաղանդը, իսկ դրա համար անհրաժեշտ է բարձրորակ կրթություն:

Մենք հաղթեցինք պատերազմում տարիներ առաջ, քանի որ մի քանի տարով առաջ էինք Ադրբեջանից, կարողացել էինք պրոֆեսիոնալ հայ զինվորականների շնորհիվ կազմել պրոֆեսիոնալ բանակ:

Երբ դարձա նախագահ, շարունակ կրկնում էի, որ մենք ոչ նորմալ կյանքով ենք ապրում, Հայաստանի բնակչության ավելի քան կեսը բնակվում է Երևանում: Սա սարսափելի է, սակայն սա այն է, ինչ մենք ունենք:

3 տարի է ես կրկնում եմ՝ հնարավո՞ր է պատկերացնել, որ 2018-ին, երբ ես դարձա նախագահ, Արցախի այցելուների թիվը 13 հազար էր: Եվ սա այն Արցախն է, որի համար կռվել էինք ու կյանքեր կորցրել: Եվ սա միայն Արցախին չի վերաբերում, նույնը նաև Գյումրիի, Գորիսի դեպքում է: Ինչպե՞ս էինք մտածում պահել Արցախը, եթե 1994 թվականի պաշտոնական տվյալներով բնակիչների թիվը 140 հազար էր, իսկ 2020-ին՝ 120 հազար: Մինչդեռ այդ թիվը պետք է եռապատկվեր:

Այնքան շատ բաներ կան, որոնք պետք է ճիշտ անել, և եթե ճիշտ անենք, կհասնենք Չորրորդ հանրապետություն:

Չորրորդ հանրապետություն:

Մինչև այս հարցազրույցը, երբ ինձ գրեցիք քննարկվող թեմաների մասին, ես թղթին հանձնեցի իմ որոշ մտքերը, թույլ տվեք ընթերցել մի հատված.

«Մենք պետք է ունենանք ազգային գաղափարախոսություն՝ ո՞ւր ենք գնալու, ինչի՞ ենք հասնելու, ի՞նչ տեսակ երկիր ենք ունենալու: Այդ գաղափարախոսությունը պետք է վերածվի տեսլականի, տեսլականը՝ ռազմավարության, իսկ ռազմավարությունը՝ գործողությունների ծրագրի: Շատ կարևոր է ճանաչել, ընդունել կամ վերասահմանել ազգային գաղափարախոսությունը՝ ո՞վ ենք մենք աշխարհում:

Պետք է քաջություն ունենանք ընդունել սեփական սխալները, թուլությունները, լինել ռացիոնալ ու պատասխանատու՝ ընդունելու իրականությունը, չապրելու երազանքների աշխարհում: Լինել ավելի լավը՝ թե՛ հավաքական կերպով, թե՛ անհատապես: Ողջ աշխարհի հայերը պետք է միասնական լինեն: Իսկ դա հնարավոր է ամուր տեսլականի, քրտնաջան աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի ու պատասխանատվության միջոցով: Պետք է լինի սեր մեր Հայրենիքի, մեկս մյուսի և մեր առաքելության նկատմամբ, լինի կամք՝ համագործակցելու և սովորելու, լինի նվիրում և կարգապահություն: Այս ամենն անհրաժեշտ է նոր՝ Չորրորդ հանրապետություն կառուցելու համար՝ անգամ զրոյից»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

--00—ԼՄ