Երևանում դիտարկվել է 125 տրանսպորտային միջոց․ կազմվել է 10 արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News  

ՔՏՀԱ

Օգոստոսի 20-ին շարունակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը։

ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնում է, որ  դիտարկվել է մայրաքաղաքի Էրեբունի եւ Կենտրոն վարչական շրջաններում գործունեություն ծավալող 125 տրանսպորտային միջոց։

 ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայողների եւ ԱԱՏՄ տեսուչների հետ հետեւել են ուղեւորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների, մանրադրամի համար նախատեսված արկղերի առկայության, վարորդների ու ուղեւորների կողմից դիմակ կրելու, սահմանված կարգով տրանսպորտային միջոցի ախտահանում կատարելու, գերբեռնված երթեւեկությունը բացառելու պահանջների կատարմանը։

Վերահսկողության արդյունքում ուղեւորափոխադրում իրականացնող տնտեսավարողների նկատմամբ կազմվել է 10 արձանագրություն՝ դիմակ չկրելու, ախտահանիչ հեղուկների եւ մանրադրամի համար նախատեսված արկղերի բացակայության հիմքով։

Covid-19-ի տարածման կանխարգելմանը միտված վերահսկողական աշխատանքները տեսչական մարմինների եւ ոստիկանության կողմից մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հանգստյան օրերին եւս կշարունակվի։

--00—ՄՀ