Արթուր Սարգսյանի վերաբերյալ գործը դատարանում է. ո՞վ է քննելու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Արթուր Սարգսյան

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այն  մակագրվել է Սյունիքի մարզի իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանին․ այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրյալի կարգավիճակ ունի ևս 6 անձ՝ Ավետ Սարգսյանը, Սեյարն Արիստակեսյանը, Գոռ Մանուչարյանը, Գրետա Թունյանը, Նունե Գասպարյանը և Վարդան Իվանյանը։

Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով Սիսիան համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներով կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատանքների կատարված լինելու հանգամանքը փաստող կատարողական ակտը:

--00—ՄՀ