ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News
Հունվարի 15-ին Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում տեղի է ունեցել սպանություն։ Հրազենով սպանվածը 41-ամյա Գարուշ Մ.-ն էր, ականջներից մեկը կտրել, մյուսն էլ վնասել: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվում է Վանաձորի բնակիչ՝ 31-ամյա Կամո Ք.-ն։ Նա սպանության օրը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն: Կամո Ք.-ն դատարանի որոշմամբ կալանավորվել է:
Ըստ աղբյուրի՝ հունվարի 18-ին նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմանում Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկանները պարզել էին, որ մահացածը Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի 42 տնակի բնակիչ 41-ամյա Գարուշ Մարությանն էր։