Բնակչությունն ուզում է, որ Ծովագյուղն ու Սեմյոնովկան իրար միանան․ համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Հասարակական

Դեկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները չեն մասնակցել Սևան խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ 

Չմասնակցելու պատճառն այն է, որ կառավարության որոշմամբ՝ Ծովագյուղն ու Սեմյոնովկան էլ են մտնում Սևան խոշորացված համայնքի մեջ։

Սեմյոնովկա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մնացականյանը դժվարացավ նշել՝ արդյո՞ք հնարավոր կլինի այնպես անել, որ այս համայնքները չընդգրկվեն Սևան խոշորացված համայնքում։ «Չգիտեմ, ընթացքը ցույց կտա», - 24News-ին ասաց նա։

«Բնակչությունը չի ուզում միանալ Սևանին, բնակչությունն ուզում է, որ Ծովագյուղն ու Սեմյոնովկան իրար միանան», - նշեց համայնքապետը։

Հիշեցնենք, որ համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Սևանում «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքը հավաքել է 9769 ձայն (79․02%), «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ 1414 ձայն (11․44%), իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1178 ձայն (9․53%)։

--00--ԿԿ