Ի՞նչ է իրենից ներկայացնում Ջո Բայդենի Ժողովրդավարության համար գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

1_0

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը «Ի՞նչ է իրենից ներկայացնում Ջո Բայդենի Ժողովրդավարության համար գագաթնաժողովը» խորագրով հոդված է հրապարակել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ինչպես նշել էինք մեր նախորդ հոդվածներից մեկում՝ «Ի՞նչ սպասել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից» հոդվածում, «Բայդենի արտաքին քաղաքականությունը լինելու է առավել նախաձեռնողական, ագրեսիվ եւ ակտիվ։ Առաջնահերթություն է տրվելու մարդու իրավունքների պաշտպանությանը աշխարհի տարբեր պետություններում, ինչը ԱՄՆ-ը կարող է օգտագործել որպես լծակ՝ ցանկացած պետության հետ փոխհարաբերություններ կառուցելիս։ Արտաքին քաղաքականության իմպլեմենտացիան իրականացվելու է՝ հաշվի առնելով այնպիսի կարեւոր սկզբունքներ, ինչպիսիք են ԱՄՆ գլոբալ առաջնորդությունը եւ միակ գլոբալ գերտերության կարգավիճակի պահպանումը (համաշխարհային առաջնորդության դերակատարման վերականգնումը)։ Այս առումով Բայդենի PR թիմի կողմից կրկին կսկսվի առավել ակտիվ օգտագործվել եւ շրջանառվել «The leader of the free world» («Ազատ աշխարհի առաջնորդ») եզրույթը, ինչը Թրամփի քաղաքականության նկարագրությանը չէր համապատասխանում, հետեւաբար չէր կիրառվում վերջին 4 տարիների ընթացքում»։ Հենց այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել դեկտեմբերի 9-10-ը կայանալիք Ժողովրդավարության գագաթնաժողովը՝ նախաձեռնված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից։

Դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահի թեկնածու Բայդենը հայտարարել էր, որ դառնալով նախագահ՝ նա կամրապնդի ԱՄՆ անվտանգությունը, բարեկեցությունն ու արժեքները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով ԱՄՆ ժողովրդավարությունն ու դաշինքները վերահաստատելու, տնտեսության ապագան պաշտպանելու եւ ԱՄՆ-ն վերստին «սեղանի գլխին նստեցնելու» համար՝ դրդելով աշխարհին առերեսվել առավել հրատապ համաշխարհային մարտահրավերների հետ։ Այս նպատակներին հասնելու համար թեկնածու Բայդենը խոստացավ ընտրվելու պարագայում իր պաշտոնավարման հենց առաջին տարում կազմակերպել Ժողովրդավարության համաշխարհային գագաթնաժողով, որը կմիավորի աշխարհի ժողովրդավարություններին՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները, դիմագրավելու այն ազգերի մարտահրավերներին, որոնք հետընթաց են ապրում, եւ ձեւավորելու համընդհանուր օրակարգ՝ առերեսվելու ընդհանուր արժեքների դեմ սպառնալիքներին։

Իշխանության գալուց հետո Բայդենի վարչակազմը պարբերաբար նշել է, որ Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում ժողովրդավարության վերահաստատումը շատ կարեւոր է մեր ժամանակների` նախադեպը չունեցող մարտահրավերներին դիմակայելու համար։ Իսկ Ժողովրդավարության միջազգային օրվա կապակցությամբ նախագահ Բայդենը հայտարարել է, որ. «Չկա կատարյալ ժողովրդավարություն, չկա վերջնական ժողովրդավարություն։ Ցանկացած ձեռքբերում, ցանկացած պատնեշի հաղթահարում վճռական եւ անդադար աշխատանքի արդյունք է»։

Իր խոստմանը հավատարիմ մնալով՝ օգոստոսի 11-ին նախագահ Բայդենը հայտարարեց, որ ինքը կհամախմբի աշխարհի ժողովրդավարական երկրների ղեկավարներին՝ դեկտեմբերին հեռահար կայանալիք Ժողովրդավարության գագաթնաժողովին, որից ուղիղ մեկ տարի անց տեղի կունենա երկրորդ գագաթնաժողովը, սակայն արդեն իսկ ոչ հեռավար ձեւաչափով։ Երկրորդ հանդիպումը տեղի կունենա մեկ տարվա ընթացքում խորհրդատվություններ, համակարգման աշխատանք եւ հստակ քայլեր իրականացնելուց հետո՝ ներկայացնելու գրանցված առաջընթացը։

Մինչեւ Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովը՝ նոյեմբերի 19-20-ին, Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը կազմակերպել էր «Ժողովրդավարության ապագան» ֆորումը՝ ի աջակցություն Ջո Բայդենի դեկտեմբերին կայանալիք Ժողովրդավարության գագաթնաժողովի։ Ֆորումի մասնակիցների թվում էին արտաքին գործերի նախարարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղհասարակության, ինչպես նաեւ լրատվության միջոցների ներկայացուցիչներ։ Ներկաների մասին առավել հստակ տեղեկատվություն առկա չէ, սակայն հայտնի է, որ ֆորումին ԱՄՆ կողմից մասնակցել է ԱՄՆ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան։

2021 թ. դեկտեմբերի 9-10-ին կայանալիք Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովը կմիավորի կառավարությունների առաջնորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ մասնավոր սեկտորին։

Գագաթնաժողովը կդառնա մի հարթակ, որը ժողովրդավարական երկրների առաջնորդներին հնարավորություն կտա անել հայտարարություններ եւ ստանձնել հանձնառություններ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերի շուրջ։

Գագաթնաժողովը հիմնված կլինի երեք հիմնասյուների վրա՝

1)պաշտպանություն ավտորիտարիզմից,

2) կոռուպցիայի դեմ պայքար եւ հակազդում,

3) մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանում։

Առաջնորդներին կխրախուսվի հայտարարել ներքին բարեփոխումների եւ միջազգային նախաձեռնությունների հետ կապված իրենց կոնկրետ գործողությունների եւ հանձնառությունների մասին, որոնք առաջ կմղեն գագաթնաժողովի նպատակները։ Այս խոստումները կներառեն ներքին եւ միջազգային նախաձեռնություններ՝ իրացնելու գագաթնաժողովի վերոհիշյալ երեք նպատակները։

Որոշ շրջանակներ բարձր են գնահատում Ջո Բայդենի կողմից ազատությունների եւ իրավունքների խթանումը՝ որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթության վերահաստատում, «ի հակադրություն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, ով բացահայտ կերպով գովեստի էր արժանացնում այնպիսի առաջնորդների, ինչպիսիք են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այնուամենայնիվ, Ժողովրդավարության գագաթնաժողովին մարդու իրավունքների վերաբերյալ խնդրահարույց իրավիճակ ունեցող երկրներին ուղղված հրավերն էլ կասկածներ է հարուցում միջոցառման իրական նպատակների վերաբերյալ։»

Ովքե՞ր են հրավիրված

Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու շուրջ 120 երկրների ներկայացուցիչներ։ «Freedom House» եւ «Varieties of Democracy» (V-Dem) ժողովրդավարության ցուցիչները հետաքրքիր պատկեր են ներկայացնում։ Հրավիրված երկրներից 8-ը ժողովրդավարության շատ ցածր ցուցանիշ ունեն։ Այդ երկրներն են Անգոլան, Կոնգոյի Հանրապետությունը, Իրաքը, Քենիան, Մալայզիան, Պակիստանը, Սերբիան եւ Զամբիան։ Եվս 4 երկիր լուրջ հետընթացի մտահոգություններ են առաջացնում՝ կապված վերջին 10 տարում բռնատիրության բարձր մակարդակի եւ խոսքի ազատության լուրջ նվազման հետ։ Այս խմբի երկրներն են՝ Բրազիլիան, Հնդկաստանը, Ֆիլիպիններն ու Լեհաստանը։ Հրավիրյալների ընտրության առումով կարելի է առանձնացնել հետեւյալ երեք պատճառները։

Առաջին պատճառը պայմանավորված է տարածաշրջանային իրողություններով։ Օրինակ, Միջին Արեւելքի պարագայում, ժողովրդավարության ցուցիչների խիստ կիրառման դեպքում, միայն երկու երկիր հնարավորություն կունենար մասնակցել գագաթնաժողովին՝ Իսրայելն ու Թունիսը։ Թունիսը, պայմանավորված այժմյան ներքաղաքական իրավիճակով, չի հրավիրվել, իսկ Մերձավոր Արեւելքից միայն Իսրայելին հրավիրելը ձախողում կլիներ։ Նման սցենարից խուսափելու համար հրավիրվեց Իրաքը։ Երկրորդ պատճառը պայմանավորված է ԱՄՆ ռազմավարական շահերով։ Պակիստանը, Ֆիլիպիններն ու Ուկրաինան թերի ժողովրդավարություններ են՝ կոռուպցիայով եւ օրենքի գերակայության չարաշահումներով։ Այդուհանդերձ, նրանք ԱՄՆ-ի համար կարեւոր գործընկերներ են. Ֆիլիպինները՝ Չինաստանի աճող ազդեցությանը հակազդելու համար, Ուկրաինան՝ Ռուսաստանին դիմագրավելու համար, իսկ Պակիստանը՝ ահաբեկչության դեմ պայքարի համար։ Պետդեպարտամենտի համապատասխան տարածաշրջանային վարչությունները, անկասկած, հենց նման հիմքերի վրա են հիմնվել՝ հրավերն արդարացնելու համար։ Եվ երրորդ՝ այնպիսի երկրների ղեկավարներին չհրավիրելը, ինչպիսիք են Հունգարիան եւ Թուրքիան, պայմանավորված է նրանով, որ Բայդենը ամենայն հավանականությամբ չի ցանկանում իրականացնել քայլեր, որոնք որեւէ ձեւով կմեծացնեն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վեընտրվելու շանսերը։ Ավելին, ըստ այլ դիտարկումների՝ նպատակը Թուրքիայի եւ Հունգարիայի ղեկավարներին ամոթանքի արժանացնելն է։

Հրավիրյալ երկրների ցանկում է նաեւ Հայաստանը։ Գագաթնաժողվին իր մասնակցությունը հաստատել է վարչապետ Փաշինյանը։ Հետաքրքրական է, որ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության լուրը ակտիվորեն շրջանառվեց Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի կողմից նոյեմբերի 16-ին, երբ Ադրբեջանը զինված հարձակում էր գործել՝ ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք։ Հարավային Կովկասից, այսպիսով, հրավիրվել են միայն Հայաստանն ու Վրաստանը, իսկ Ադրբեջանը հրավիրված չէ։

Չինաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումը

Այնուամենայնիվ, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանը հրավիրված չեն Ժողովրդավարության գագաթնաժողովին։

Ժողովրդավարության գագաթնաժողովը ավելի մեծ աշխարհաքաղաքական հավակնություններ ունի։ Այն արտացոլում է Բայդենի վարչակազմի մի ակնառու տեսակետ, համաձայն որի՝ ժողովրդավարությունների համաշխարհային կոալիցիա կազմելը կարող է հակազդել Չինաստանի վերելքին եւ Ռուսաստանի շարունակվող ագրեսիային։

Պատահական չէ, որ հենց Ռուսաստանը եւ Չինաստանը ներառված չեն հրավիրյալների ցանկում՝ ի տարբերություն այնպիսի երկրների, որոնք ունեն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նման իրավիճակ, ինչպիսին Ռուսաստանը եւ Չինաստանը։ Ուստի, ժողովրդավարության երկու գագաթնաժողովները եւ նրանցում արձանագրված հանձնառությունները եւ նախագծերը դառնալու են Ռուսաստանին եւ Չինաստանին զսպելու հերթական գործիք։

Գագաթնաժողովի հակառուսական եւ հակաչինական բնույթը նկատելի դարձավ դեռեւս քարոզարշավի ժամանակ գագաթնաժողովի մասին Բայդենի դիտարկումներում։ Մասնավորապես, ըստ Բայդենի՝ գագաթնաժողովը մասնավոր սեկտորին, ներառյալ տեխնոլոգիական ընկերություններին եւ լրատվական ոլորտի ազդեցիկ ներկայացուցիչներին, կոչ է անելու իրականացնել հստակ քայլեր։ Նպատակն է, որ, օրինակ՝ տեխնոլոգիական ընկերությունները ապահովեն իրենց ալգորիթմների ու հարթակների՝ բռնաճնշումներին չնպաստելուն, չտարածեն ատելություն, չդրդեն մարդկանց բռնության եւ չենթարկեն չարաշահման պետություններին, օրինակ՝ Չինաստանում կամ այլուր ճնշումները հեշտացնելու համար։ Իսկ որպես կոնկրետ քայլի օրինակ, որի կարիքն աշխարհն ունի, Բայդենը նշում էր Ընտրությունների ամբողջականության Տրանսատլանտյան հանձնաժողովը, որի հիմնադիր անդամ է եղել ինքը Բայդենը, եւ որի նպատակն էր պայքարել «արեւմտյան ժողովրդավարություններին ուղղված Ռուսաստանի հարձակումների դեմ»։

Ակնհայտորեն, նման իրավիճակը անհանգստություն է առաջացրել Մոսկվայում եւ Պեկինում։ Եվ նրանց կողմից արձագանքը երկար սպասեցնել չտվեց։ Մասնավորապես, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ստեղծված իրավիճակը նկարագրեց հետեւյալ կերպ. «1990-ականների սկզբին մենք պայքարում էինք, որպեսզի կրճատենք եւ վերացնենք բաժանարար գծերը, սակայն ԱՄՆ-ը նախընտրում է ստեղծել նոր բաժանարար գծեր եւ բաժանել երկրներին, իրենց պատկերացմամբ, լավ եւ վատ երկրների»։ Ըստ խոսնակի՝ ԱՄՆ-ն իր քայլերով «փորձում է սեփականաշնորհել ժողովրդավարությունը։ Այսինքն՝ [իրենց պատկերացմամբ] ժողովրդավարություն է համարվում միայն այն, ինչ համապատասխանում է Վաշինգտոնի ընկալմանը։ Ակնհայտորեն, այդպես լինել չի կարող եւ չպետք է լինի։ Եվ, բնականաբար, այդպես չէ»։

Առավել համընդգրկուն արձագանք եղավ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի եւ Չինաստանի դեսպան Ցին Գանի կողմից «National Journal»- ում հրապարակված իրենց համատեղ հոդվածում։ Ռուսաստանի եւ Չինաստանի դեսպանները գագաթնաժողովը կոչել են «Սառըպատերազմյան մտածելակերպի ակնհայտ արդյունք, որը գաղափարախոսական առճակատում կառաջացնի եւ կբաժանի աշխարհը՝ առաջացնելով բաժանարար գծեր»։ Չինաստանին հատկապես զայրացրել էր Թայվանի ընդգրկումը Ժողովրդավարության գագաթնաժողովի հրավիրյալների ցանկում, այնուամենայնիվ, հոդվածում Թայվանը չի հիշատակվում։

Ըստ Անտոնովի եւ Ցինի՝ «ժողովրդավարությունը ոչ թե որոշակի երկրի կամ երկրների խմբի իրավունքն է, այլ բոլոր ժողովուրդների համընդհանուր իրավունքը», որը «կարելի է իրացնել բազմաթիվ ձեւերով, եւ չկա այնպիսի մեկ մոդել, որը կհամապատասխանի բոլոր երկրներին»: Դեսպանների պնդմամբ. «Ոչ մի երկիր իրավունք չունի մեկ չափանիշով դատելու աշխարհի հսկայական եւ բազմազան քաղաքական լանդշաֆտը՝ ստիպելով այլ երկրներին պատճենել սեփական քաղաքական համակարգը գունավոր հեղափոխության, ռեժիմի փոփոխության եւ նույնիսկ ուժի կիրառման միջոցով. այդ ամենը հակասում է միջազգային իրավունքին եւ ակնհայտորեն հակաժողովրդավարական է»։ Հոդվածում կոմունիստական Չինաստանը նկարագրվում է որպես «ամբողջությամբ սոցիալիստական ժողովրդավարություն, որն արտացոլում է ժողովրդի կամքը, համապատասխանում է երկրի իրողություններին եւ վայելում է ժողովրդի ուժեղ աջակցությունը... Ապացուցված է, որ ժողովրդավարությունն ամբողջությամբ գործում է Չինաստանում եւ շատ լավ է գործում»։ Մյուս կողմից՝ հոդվածում Ռուսաստանը ներկայացված է որպես «ժողովրդավարական դաշնային օրենսդրական պետություն՝ կառավարման հանրապետական ձեւով», դարավոր խորհրդարանական ավանդույթներով։ Ամփոփելով հոդվածը՝ դեսպանները կոչ են անում չանհանգստանալ «Ռուսաստանում եւ Չինաստանում ժողովրդավարության համար»։ Ըստ նրանց՝ «որոշ օտարերկրյա կառավարություններ ավելի լավ է մտածեն իրենց եւ իրենց երկրի ներսում կատարվողի մասին»։

Պատասխանելով գագաթնաժողովին հրավիրված երկրների ընտրության վերաբերյալ հարցին՝ ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա, ով ներգրավված է գագաթնաժողովի պլանավորման աշխատանքներում նշել է, որ հրավերներ ուղարկվել են ժողովրդավարության տարբեր մակարդակներ ունեցող երկրներին աշխարհի բոլոր տարածաշրջաններից. «Սա չի արվել հաստատելու, որ «դու ժողովրդավարական երկիր ես, իսկ դու ժողովրդավարական չես»։ Սա այն գործընթացը չէ, որով մենք անցել ենք»։ Պաշտոնյան ավելացրեց, որ նրանք պետք է «ընտրություն իրականացնեին»՝ ապահովելու տարածաշրջանային բազմազանությունը եւ լայն մասնակցությունը»։

Գագաթնաժողովի ակունքները

Բայդենի կողմից առաջ քաշված Ժողովրդավարության գագաթնաժողովի գաղափարը նմանեցվում է նախկինում իրականացված մի քանի այլ նախաձեռնությունների։ Մասնավորապես, կա կարծիք, որ այս գագաթնաժողովը նման է 1970-ականների կեսերի Հելսինկյան գործընթացին, որը ներառում էր ոչ ժողովրդավար առաջնորդներին՝ դրդելով նրանց ստանձնել որոշակի պարտավորություններ կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ, որոնց համար նրանք հետագայում կարող էին պատասխանատվության ենթարկվել։

Ըստ մեկ այլ կարծիքի՝ այս նախագիծը նման է Ժողովրդավարությունների համայնք կոչվող նախաձեռնությանը։ Վերջինս ստեղծվել էր 2000թ.՝ որպես ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի եւ Լեհաստանի արտգործնախարար Բրոնիսլավ Գերեմեկի կողմից համընդհանուր նախաձեռնություն։ Հրավիրյալները 106-ն էին, գրեթե նույնը, ինչ Ժողովրդավարության գագաթնաժողովի պարագայում, սակայն Ռուսաստանը համարվում էր պոտենցիալ ժողովրդավարական երկիր եւ մի քանի արաբական երկրներ եւս հրավիրված էին։ 106 երկրները համաժողովի շրջանակներում ստորագրել էին Վարշավայի հռչակագիրը, որը մարդու իրավունքների, կարճ, բայց բավական համընդգրկուն ցանկ է, որոնք պետք է հարգվեն ժողովրդավարական համակարգերում։ Սակայն այն ձախողվեց, քանի որ գումարվել էր արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, մինչդեռ Վաշինգտոնի Ժողովրդավարության գագաթնաժողովը պետության եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով է։ Ժողովրդավարությունների համայնքը ի սկզբանե դիտարկվել է որպես Օլբրայթի եւ Գերեմեկի անձնական նախաձեռնություն։ Բայց Գերեմեկը հեռացվեց Լեհաստանի կառավարությունից Վարշավայի գագաթնաժողովից երեք օր անց: Մի քանի ամսվա ընթացքում Օլբրայթը նույնպես լքեց պաշտոնը ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո: Ժողովրդավարությունների համայնքը դեռեւս ունի մշտական քարտուղարություն Վարշավայում, բայց այն միշտ դիտվել է որպես երկու առաջատար գործիչների անձնական նախագիծ, այլ ոչ թե իսկապես միջկառավարական, ուստի այն չունի լուրջ քաղաքական ազդեցություն եւ նշանակություն, ի տարբերություն Ժողովրդավարության գագաթնաժողովի, որն առավել հավակնոտ նախաձեռնություն է երկրների ղեկավարների մակարդակով եւ ակնհայտ աշխարհաքաղաքական նկրտումներով։

Ի տարբերություն նախորդ գագաթնաժողովների՝ այս գագաթնաժողովը ամենայն հավանականությամբ կկրի շարունակական բնույթ այնքան ժամանակ, քանի դեռ Սպիտակ տան ղեկավարը Ջո Բայդենն է։ Ըստ էության, այս գագաթնաժողովի նպատակն է ոչ թե աշխարհը բաժանել ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական երկրների, այլև յուրահատուկ ճնշում գործադրել ոչ ժողովրդավարական երկրների նկատմամբ։ Անհերքելի է նաեւ այն փաստը, որ գագաթնաժողովը յուրահատուկ ճնշման գործիք է լինելու ԱՄՆ հիմնական մրցակիցների՝ Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ»։

--00—ԼՄ