Ղազախստանում տեսանելի են Հայաստանում և Ուկրաինայում աշխատած սցենարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

նկար

Ղազախստանում թուրքական ազդեցությունը վաղուց կա, թյուրքական երկրների վրա Թուրքիայի ազդեցությունը հատկապես վերջին 20 տարիներին ավելացել է։ Այս մասին 24News-ին ասաց Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ ուժեր են կարող կանգնած լինել Ղազախստանում ընթացող բողոքի ցույցերի և անկարգությունների հետևում։

«Եվ Թուրքիան մեծ փողեր է ծախսում և կարևոր գործեր է անում այդ առումով։ Միայն Ադրբեջանը չէ, Ադրբեջանից մինչև Չինաստանի սահմանը երկարող թյուրքական ժողովուրդներին ակտիվացնել և մանավանդ իր ազդեցության տակ առնելու ծրագիր ունի Թուրքիան։ Տարբեր նմանատիպ ծրագրերով առաջ է գնում, օրինակ՝ լեզվի, ռազմական փոխօգնության հետ կապված, Ժանդարմեայի հատկապես և այլն։ Կրթական գործ էլ կա․ առաջ Գյուլենն այդ երկրներում դպրոցներ ուներ, այդ դպրոցները բազմաթիվ թյուրքալեզու երկրներում փոխվում են էրդողանական դպրոցներով», - շարունակեց Լոքմագյոզյանը։

Նրա կարծիքով միայն թուրքական ազդեցությունը չէ, այլև Արևմուտքի ազդեցությունն էլ կա թյուրքալեզու պետություններում։

«Արևմուտքն էլ իհարկե ուզում է մտնել այնտեղ, հատկապես Ռուսաստանի հարավում Թուրքիայի թուրանական ծրագիրն Արևմուտքին շատ համահունչ է։ Եվ վերջին տարիներին համագործակցում են այդ առումով. Արցախի, Հայաստանի 44-օրյա պատերազմի արդյունքները դրա հետ էլ կապ ունեն։ Մեղրիի միջանցքը ոչ միայն թուրքերի համար կարևոր է իրենց թուրանական երազանքն իրականացնելու համար, այլև Արևմուտքի համար է կարևոր։ Եթե Թուրանի երազանքը կատարվի, այն ժամանակ հակառուսաստանյան մեծ ուժ կարող է այնտեղ հավաքել և Ռուսաստանին ճնշել», - ընդգծեց Տիրան Լոքմագյոզյանը։

Ըստ թուրքագետի՝ Ղազախստանի պարագայում տեսանելի են նույն այն սցենարները, ինչը որ, օրինակ, Հայաստանում, Ուկրաինայում կամ ուրիշ երկրներում կատարվեց։

«Բավականին հաջող է գնում այդ սցենարը․ նույն սցերանով առաջ են գնում, նախ ժողովրդին դուրս են թափում՝ իհարկե, սոցիալակյան ցանցերն օգտագործելով ինչ-որ սոցիալական խնդիրների հետ կապված, հետո միանգամից վերածում քաղաքական հավաքների։ Կարծում եմ, որ այստեղ գործում են թե՛ թուրքական, թե՛ արևմտյան ուժեր, և հատկապես նրանց եթերակիրներն են աշխատում»։

Ինչ վերաբերում է այն բանին, որ ոչ ոք դեռևս Ղազախստանում հանդես չի գալիս որպես ցույցերի և  հանրահավաքների առաջնորդ, ապա, ըստ Լոքմազյոզյանի, դա չի նշանակում, որ չի կարող ի հայտ գալ ինչ-որ առաջնորդ։

«Այն, որ ասում են, թե այսօրվա իշխանավորները Նազարբաևի դեմ ինչ-որ բան են անում, ես դա շատ անհավանական եմ համարում, որովհետև իրենք շատ լավ համագործակցում էին, իրենց պետք չէր այդ բանը։ Եվ այսօր նման բաները կարող էին շրջվել իրենց դեմ, դրա համար նման արկածախնդրությունների չեն գնա»,-կարծում է նա։

Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենն ասաց, որ Ղազախստանում արդեն իսլամիստական խմբերին բնորոշ ձեռագիր էլ է երևում՝ երկու ոստիկանի գլխատումը։

«Իմ վարկածով, որ Ղազախստանի իրադարձություններում Արևմյուտքն իր մատն ունի, ամենավառ փաստն այնտեղից է երևում, որ Ռուսաստանը շատ արագ փորձեց միջամտել, և ՀԱՊԿ-ի ուժերը Ղազախստան մտցվեցին։

ՀԱՊԿ ուժերի ներգրավումը կարող է օգնել կայունացնել իրավիճակը. նրանք ներքին ուժեր չեն, չեն անցնի ցուցարարների կողմը։ Այդ վտանգն էլ կա, չէ՞, այդ ուժերը հաստատ չեն անցնի ցուցարարների կողմը և կարող են ավելի ուժգին հակազդեցություն տալ։

Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ շատ մեծ ուժով փորձեն հակազդել, որովհետև այս անգամ կստացվի, որ այսօրվա իշխանությունները դրսից ուժեր են բերել՝ մեղմելու ժողովրդի բարկությունը, ժողովրդի ջղայնությունը։ Միայն ցուցադրական ուժ են այնտեղ ներկայացնելու, եթե իհարկե մյուս կողմից հակաքայլեր չլինեն, ՀԱՊԿ-ի ուժերի դեմ հարձակումներ չկատարվեն», - եզրափակեց Տիրան Լոքմագյոզյանը։

Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային անկարգությունները, բողոքի ցույցերը սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազի մեկ լիտրի գինն ավելի քան կրկնակի բարձրացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկել է որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվում են երկրում: Ղազախստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կառույցի հավաքական զորախմբի աջակցությունը խնդրելու: Հայկական կողմը մոտ 100 զինվորական է ուղարկել Ղազախստան ՀԱՊԿ առաքելության շրջանակում: Նրանք պետք է պահպանեն Ղազախստանի ռազմավարական օբյեկտները:

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ