Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները ձեռք ձեռքի տված գործարքներ են անում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

քաղաքական

Թուրքիան փորձում է օգտվել ուկրաինական ճգնաժամից, սակայն այստեղ իհարկե օգտվել թույլ տվողներ կան։ Այս մասին 24News-ին ասաց Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանը։

Ավելի վաղ Չավուշօղլուն թուրքական A Haber հեռուսատաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Անկարան ցանկանում է կազմակերպել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում, որին դեմ չէ պաշտոնական Բաքուն։ «Ցանկանում էինք այս հանդիպումը կազմակերպել մարտին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում: Չստացվեց, բայց առաջարկը բաց է», - ասել էր նա։

Թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը այն կարծիքին չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը ճնշում են գործադրում Հայաստանի վրա։ «Ընդհակառակը, Հայաստանի, Ղարաբաղի իշխանություններն իրենց հետ միասին աշխատում են, մեզ ի վնաս իհարկե, երբ Թուրքիայի հետ սկսեցին այսպես կոչված «դիվանագիտական հարաբերությունները»։ Չավուշօղլուն ինքն արդեն հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև պայմանավորվածության է հասել, դրանից տեղյակ է նաև Ադրբեջանը։ Թուրքիան ասեց, որ ոչ մի բան չի անում առանց Ադրբեջանի համաձայնության, այսինքն՝ այստեղ արդեն երկկողմանի հարաբերություն չկար, եռակողմ էր, հիմա ուզում են դա ավելի առերես հանել, ավելի պաշտոնական դարձնել»։

Մարտի 30-ին Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում հրապարակվել էր ԵԽ նախագահ Շառլ Միշելի շաբաթական ժամանակացույցը, որում նշված է ապրիլի 6-ին Բրյուսելում Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև համատեղ հանդիպման մասին։ «Այս ամեն ինչն իհարկե իրար հետ կապ ունեցող խնդիրներ են, չեն կարող կապ չունենալ քաղաքականության մեջ։ Կապ եմ տեսնում իհարկե Ռուսաստանի այս վիճակի հետ, ուկրաինական ճգնաժամի հետ, Թուրքիան և Արևմուտքն առիթից օգտվում են», - ասաց Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը։

Ըստ թյուրքագետի՝ Ռուսաստանը մինչ Ուկրաինայում հատուկ ռազմագործողությունը «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր ստորագրեց Ադրբեջանի հետ․ «Որը պիտի կանխեր Ադրբեջանի՝ ավելի ցայտուն հակառուսական կեցվածք ստանձնելը, հակառակ դրան, Ադրբեջանը որոշեց ոչ ուղղակի, այնուամենայնիվ Ռուսաստանի դեմ հանդես գալ։ Այն, որ Հայաստանի իշխանությունը բավականին սուր խոսեց Ռուսատանի դեմ, անգամ պահանջներ ներկայացրեց նրա անելիքների մասով, դա էլ է հետաքրքիր։ Հայաստանն ինքը ոչ մի բան չի անում իր սահմանները կամ Ղարաբաղի անվտանգությունը պաշտպանելու համար, սակայն ուրիշին է մեղադրում իր սահմաները չպաշտպանելու համար։ Մյուս կողմից Արցախի նախագահը նույնակերպ հայտարարություն ունեցավ ու ցանկանում էր հավելյալ զինվորներ ու զինտեխնիկա այն դեպքում, որ Ռուսաստանը հիմա բավականին մեծ խնդիրներ ունի, և ամեն զինվորը, զինտեխնիկան պետք են իրեն։ Եվ անգամ խոսք էլ կար, չէ՞, 102-րդ ռազմաբազայից զինվորներ Ուկրաինա տանելու մասին»։

«Ու այս պարագայում այստեղ ճակատ է բացվում, և Ռուսաստանից պահանջում են զինվորներ։ Դա ուղղակի նշանակում է իրար հետ աշխատել, այսինքն՝ Հայաստանի, Արցախի, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններն իրար ձեռք ձեռքի տված գործարքներ են անում», - եզրափակեց Տիրան Լոքմագյոզյանը։

--00--ԿԿ