«Լիդիան Արմենիան» փորձում է վնասը գցել պետության վրա. ակտիվիստներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Ամուլսար

«Լիդիան Արմենիա» ընկերությունը փորձում է բոլոր վնասները գցել պետության վրա, դա իրենց գործելաոճն է, ողջ շինարարության փուլում իրենք փնտրել են մեղավորներ, և բոլորը մեղավոր են՝ բացի իրենցից։ Ասուլիսի շրջանակում նման տեսակետ է հայտնել Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի շահագործման դեմ ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը՝ անդրադառնալով օրերս «Լիդիան Արմենիա» ընկերության այն հայտարարությանը, ըստ որի՝ 2018-ի հունիսից ի վեր Ամուլսարի ճանապարհների շրջափակման հետևանքով ընկերությունը հնարավորություն չի ունեցել վերսկսել աշխատանքները հանքի տեղամասում։ Ըստ այդ հայտարարության՝ ընկերությունը չի կարողացել իրականացնել ոչ միայն շինարարական աշխատանքներ, այլև կառուցել է բնապահպանական պաշտպանիչ համակարգեր։

Ըստ Բունիաթյանի՝ այնտեղ կարող են վտանգներ լինել ձնհալի հետ կապված:

«Այս պահին ոչ ոք չի կարող գնահատել, թե այդ վտանգներն ինչպիսին կլինեն, քանի որ եղել է  ընկերության կողմից միջամտություն:  Ամուլսարում հազար տարիներ ձյուն է եկել, հալել գնացել է, բայց այս պահին իրենց արած հողային տեղափոխությունների, որոշ չափով ընդերքից հանված շինանյութերի պատճառով կարող են առաջանալ լճակներ, որոնք կարող են բացվել և մեծ վնասներ պատճառել»,- ասել է ակտիվիստը:

Ջերմուկի բնակիչներից Էդմոն Աղաբեկյանը նշել է, որ Գնդեվազ համայնքի ջուրը մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ ցեխաջուր է եղել, երբ ընկերության ներկայացուցիչներին տեղյակ են պահել, ասել են՝ իրենք չեն պատասխանատու, կապալառու ընկերությունն է պատասխանատու:

«Կավաջուրը լցվում է  Արփա գետ, նորից ասում են, որ իրենք չեն մեղավոր կապալառուն է մեղավոր, այս դեպքում էլ ճանապարհ փակողների վրա է գցում մեղքը»,- ասել է ակտիվիստը:  

Ըստ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի՝ նրանք 2010 թվականից են թույլտվություն ստացել հանք շահագործելու, բայց անընդհատ հետաձգել են, հիմա են որոշել այդ աշխատանքներն անել, բայց եթե 2010 թվականից թույլտվություն ունեն՝ ինչո՞ւ պատշաճ աշխատանքներ չեն իրականացնել:

«Ջերմուկում, երբ հանդիպեցին վարչապետի հետ «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչներն ասացին, որ 80 տոկոս աշխատանքներն իրականացված է, բայց եթե նրանք չեն արել բնապահպանական աշխատանքներ, ապա ի՞նչ են արել, ինչ աշխատանքների մասին է խոսքը»,- նշել է նա և հավելել, որ հիմա պետք է նախապատրաստական բոլոր աշխատանքները վերջացրած լինեին, որ ձնհալի ժամանակ խնդիրներ չառաջանային:

«Ո՞վ է սրա համար պատասխանատու: Ասում են՝ կառավարությունը: Ինչո՞ւ է կառավարությունը պատասխանատու, այս ամեն ինչն իրենց գործունեության կամ անգործության հետևանք է և ոչ մի կապ չունի ճանապարհ փակելու հետ։

Եթե դու ի սկզբանե չես արել բնապահպանական անհրաժեշտ միջոցառումները, ասում ես՝ հիմա էի ուզում անել, բայց ինձ չթողեցին, դա պարզ մանիպուլյացիա է»,- ասել է Գալստյանը:

Գնդեվազի բնակիչ, լրագրող Հերմինե Ենոքյանն էլ նշեց, որ պատասխանատվության տակ պետք է լինեն, բոլոր նրանք, որոնց ստորագրությունը դրված է Ամուլսարի շահագործման թույլտվության տակ:  

«Ում ստորագրությունը դրված է, նրանք էլ մեղավոր են այս ամենի համար: Պետք է պատասխանատվությունն ընկնի այդ մարդկանց վրա, որ պատշաճ փորձաքննություն, բնակիչների դեմ լինելը հաշվի չեն առել: Ներկայիս իրավիճակում էլ  նախորդ կառավարության ներկայացուցիչները նրանց սատարելու կոչեր են անում: Թող շարունակեն պաշտպանելը, հստակ կիմանանք՝ ովքեր են նրանք»,- ասել է Ենոքյանը, ապա տեղեկացրել, որ շարունակելու են ստորագրահավաք անել, որ հանրաքվեի դնեն հանքաարդյունաբերության խնդիրը, քանի որ Հայաստանում հնարավոր չէ հանքարդյունաբերությունը այս տեմպերով շարունակել, Թեղուտը օրինակ է։ 

Էդմոն Աղաբեկյանն էլ հավելել է, որ եթե «Լիդիան Արմենիան» դատի է տալիս բոլոր նրանց, որոնք ասում են՝ ընկերությունն այս ամենին հասել է կոռուպցիայի միջոցով, ապա իրենք ևս ասում են, որ «Լիդիանը» կոռուպցիայով է հասել այս ամենին, թող իրենց էլ դատի տան։