Ոմանց համար ագրեսիայի մշակույթը շարունակում է գերիշխել խաղաղության մշակույթին. ելույթ՝ ՄԱԿ-ում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Նյու Յորքում կայացած Խաղաղության մշակույթին նվիրված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան ֆորումին (High Level Forum on the Culture of Peace) ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Նա նշել է, որ, չնայած անհանդուրժողականության և այլատյացության դեմ պայքարի ոլորտում միջազգային հանրության ջանքերին, դրանց տարբեր դրսևորումները շարունակում են անարգել գոյություն ունենալ աշխարհի տարբեր վայրերում։ Ընդգծվել է, որ Հայաստանը բազմիցս է ահազանգել Ադրբեջանի քաղաքական խոսույթում գերիշխող ատելության խոսքի և ռասիզմի վերաբերյալ, ինչը նաև արձանագրվել է միջազգային կառույցների կողմից։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքներին` դեսպան Մարգարյանը ֆորումի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը մերժելու և հակամարտության գոտի ՄԱԿ կառույցների, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը խոչընդոտելու վրա։

Ադրբեջանի կողմից սադրիչ և ռազմատենչ գործողությունների ու հռետորաբանության վերաբերյալ Մhեր Մարգարյանը նշել է, որ դա նաև ի ցույց է դնում, որ ոմանց համար սպառնալիքի, հրահրման և ագրեսիայի մշակույթը շարունակում է գերիշխել  խաղաղության մշակույթին։

ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծել է իր պատմական հայրենիքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության, մարդու հիմնարար իրավունքների և արժանապատիվ կյանքի երաշխավորման միջոցով հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային կայուն խաղաղության համար։

--00—ԼՄ