Հայ առաքելական եկեղեցին տոնում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին՝ Տրնդեզը կամ Տեառնընդառաջը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

նկար

Այսօր Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկն է՝ Տեառնընդառաջը կամ Տրնդեզը։ Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո տոնը նշվում է որպես 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին:

Տոնի արմատները գալիս են հեթանոսությունից, այն նվիրված էր Միհր Աստծուն։ Քրիստոնեություն ընդունելուց հետո Հայ առաքելական եկեղեցին տոնը քրիստոնեացրել է։ 

Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էր սրբագործման 40 օրը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր տաճար, զոհ մատուցում իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես էլ Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:

Հայ եկեղեցու կանոնի համաձայն՝ փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որով ավետվում է Տերունի տոնի սկիզբը: Դրա ավարտին կատարվում է Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Իսկ փետրվարի 14-ին բուն Տեառնընդառաջի օրն է, բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի Ս. Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում կատարվում է Նորապսակների օրհնության կարգ:

--00—ԼՄ