Միշելի հայտարարությունը զզվանք առաջացրեց, նա նեոնացիստ է, արդարացնում է ցեղասպանությունը. Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ԴԲ

Երեկ` մայիսի 14-ին, Բրյուսելում կայացավ Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Հանդիպման ավարտին Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ տեղ գտած առանցքային կետերի շուրջ 24News-ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:

-Պարոն Բաբայան, որոշում է կայացվել Ալմա Աթայի հռչակագրի դրույթներով ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, որով Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի 86 հազար քառակուսի կիլոմետր ընդգրկվածությամբ տարածքը, որն իր մեջ ներառելու է նաև Արցախը:

-Այդ հայտարարությունը սարսափելի հայտարարություն է։ Բովանդակությունը զզվանք է առաջացնում, Միշելն իրեն նույնացրեց Չեմբեռլենի հետ, մյունխենյան խայտառակ ներկայացուցիչների և կազմակերպիչների շարքին դասվեց։ Սա արդեն միանշանակ է, որ Եվրոպան` ի դեմս Միշելի, արդարացրեց, լեգիտիմացրեց Ադրբեջանի 2020 թվականի ագրեսիան, ցեղասպանությունը և Թուրքիայի հետ մեկտեղ արդարացրեց անցակետի տեղադրումը: Փաստորեն, ցույց տվեց, որ ինքն է սատարել այդպիսի քայլերի ձեռնարկումը, նու՛յն Եվրոպան, նու՛յն Միշելը` հակառուսական, հակապետական, հակաազգային վեկտորներ բորբոքելով:

Սա նշանակում է, որ ժողովրդավարություն այլևս չկա, թքել է Միշելը ժողովրդավարության վրա, ցույց տալով, որ այդ բոլոր գաղափարները ֆեյք են, իսկ մենք դա ընդունել ենք որպես նորմալ գաղափար։ Բայց, այնուամենայնիվ, այս ամենի մեջ կա մի դրական բան, որ վերջապես, ինչքան էլ դա զզվելի է, ծանր է, մենք պետք է ճշմարտությունն իմանանք: Եթե Միշելը արդարացնում է ցեղասպան քաղաքականությունը, նացիզմը, այդ նույն Միշելը ոչ մի բանով չի տարբերվում ո´չ Չեմբեռլենից, ո՛չ Գեբելսից, բայց մենք չպետք է ընկնենք խուճապի մեջ, ո՛չ, պետք է մեզ չկորցնենք և պայքարենք:

Դրա համար անհրաժեշտ է 1-ին` Արցախի ժողովուրդը սպասում է սեփական իշխանություններից հստակ պատասխան, պաշտոնական Երևանից պատասխան, ընդամենը մի ստորակետ է մնացել, հայտարարեն, տեսնենք, թե Միշելի ասածներն ինչ է նշանակում, Հայաստանի ժողովրդի պատասխանին ենք սպասում, միգուցե Հայաստանի ժողովուրդն ասում է՝ այո՛, դա ճիշտ է, որպեսզի մենք տեսնենք՝ ո՞րբ ենք, որբ չե՞նք, եղբայրներ, քույրեր ունե՞նք, ԱՄՆ-ն ևս իր վերջնական խոսքը պետք է ասի և, ըստ այդմ, մենք մեր քայլերը պլանավորենք։

-Այս պահին որևէ օրակարգ կա՞:

-Մնացել է մի վերջակետ, ուզած-չուզած  ստիպված ենք այդ գործողություններն անել, որովհետև այլ ձև չկա, ես չեմ ուզում մեզ ոչխարի տեղ դնեն և ինչ ուզեն՝ մեր գլխներին անեն, որովհետև ոչխարի վերջը՝ խորովածն է։

-Ըստ էության, այս հայտարարությամբ մերժվում է Երրորդ հանրապետության ստեղծման հիմնարար փաստաթուղթը, որով Գերագույն խորհուրդն ամրագրում էր՝ ցանկացած միջազգային փաստաթուղթ, որը Արցախը կճանաչի որպես Ադրբեջանի մաս, անընդունելի է։

-Ես հիմա տեսնում եմ, որ որոշ կոնկրետ շրջանակներ բառախաղ են անում՝ Երրորդ հանրապետությունը փոխվում է, Չորրորդն է գալիս: Հայաստանն է վերանում, հայ ժողովուրդը, դրանից հետո մենք բոլորս ձայններս պետք է կտրենք, պիտի այլևս խոսենք Տիգրան Մեծի, 1918 թվականի, Մեսրոպ Մաշտոցի մասին, մենք ի՞նչ ենք լինելու, եթե մենք Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի մաս, այդ դեպքում հայը ո՞վ է, ի՞նչ ենք մեզնից ներկայացնում։ Ի՜նչ երրորդ, ի՜նչ չորրորդ, հայ ազգի կերպարն են ռեֆորմացիա անում, ինչի մասին ենք խոսում։

-Հայտարարության մեջ, Արցախի մասին միայն նշված է, որ ձևավորել պոզիտիվ օրակարգ՝ բնակչության իրավունքների և անվտանգությունն ապահովելու համար։

-1938 թվականի Մյունխենյան դավադրությունն է, նույն բաներն այնտեղ էր գրված, Միշելը նեոնացիստական լավագույն ներկայացուցիչներից է, ի դեմս իրեն՝ Եվրոպան, անձերի դեռևս չեմ անցնում։ Շնորհակալություն պիտի հայտնենք, որ ճշմարտությունը բացահայտել են, բայց կրկնում եմ՝ հիստերիայի մեջ չպետք է ընկնենք և պետք է պայքարենք։

Մերի Մանուկյան

--00—ԱՊ