«Աջակցություն՝ ՀՀ իրավապահ մարմիններին»․ ՆԳ նախարարը Լիտվայում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

սդգ

Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ագնե Բիլոթաիտեի հրավերով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայի Հանրապետությունում է։

Հունիսի 12-ին Լիտվայի հանրապետության ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների ՆԳ նախարարությունների համագործակցության հնարավոր ուղղությունները, անդրադարձ եղավ նաև Լիտվայի ներքին գործերի համակարգի կառուցվածքին և բարեփոխումներին։

Ագնե Բիլոթաիտեն բարձր գնահատեց երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով այս տարվա մայիսին մեկնարկած Եվրոպական Միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող՝ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը։

Ծրագրի հիմնական նպատակն է՝ աջակցել ՀՀ Ներքին Գործերի նախարարության կազմավորմանը և ենթակա երեք մարմիններում ընթացող լայնածավալ բարեփոխումներին։

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց հրավերի և ջերմ ընդունելության համար բարձր գնահատելով միջազգային գործընկերների ջանքերը՝ ի դեմս Եվրոպական միության և, մասնավորապես, Լիտվայի Հանրապետության։

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակելու և ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։

--00--ՍՊ