Միրզոյանը և Իրանի դեսպանը խոսել են խաղաղության հաստատման հարցում երկու երկրների տեսլականի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24news

Հուլիսի 4-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքից։

ԱԳ նախարար Միրզոյանը, նշելով, որ դեսպան Զոհուրիի պաշտոնավարման ժամանակահատվածը համընկել է է Հայաստանի համար խիստ բարդ շրջանի հետ,  բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև փոխըմբռնման ու հարաբերությունների խորացման գործում նրա կողմից ներդրված ջանքերը և հաջողություն մաղթել հետագա դիվանագիտական աշխատանքում:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական համագործակցության օրակարգային տարբեր հարցեր՝ երկուստեք գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Ընդգծվել է, որ երկու երկրների փոխգործակցությունը բխում է ինչպես տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հրամայականից, այնպես էլ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերից:

Վերահաստատվել է բարձրաստիճան փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների դրական դինամիկան պահպանելու պատրաստակամությունը: Կարևորվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերի իրականացմանն, երկկողմ առևտրի խթանման առկա ներուժի օգտագործմանն ուղղված քայլերը:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման՝ երկու երկրների տեսլականին և այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին:

--00—ՅՄ