Աշոտյանը մերկացնում էր իշխանության գործունեությունը, միայն այդ պատճառով են ձերբակալել նրան․ Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

12

Ես կարծում եմ, որ Աշոտյանի ձերբակալության այս գործընթացն իրավունքի, իրավաբանության, հանցագործության հետ կապ որևէ չունի։ Դա բացառապես պայմանավորված է Աշոտյանի կարգավիճակով՝ ՀՀ-ի ամենաազդեցիկ կուսակցություններից մեկի փոխնախագահն է և նաև զբաղվում է ակտիվ քաղաքական-հրապարակախոսական գործունեությամբ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի ձերբակալությանը։

«Աշոտյանը սուր, առարկայական և հիմնավոր քննադատության է արժանացնում այս իշխանություններին, մերկացնում նրանց գործունեությանը, հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում և միայն դրանով է պայմանավորված նրան հանրային կյանքից չեզոքացնելը։ Որպես պաշտոնյա՝ նրա գործունեությունը ես չեմ կարող գնահատել, դա կարող են անել նրանք, ովքեր այդ ժամանակ ղեկավարել են։ Բայց ակնհայտ է, որ հիմա նա իր հասարակական-քաղաքական գործունեությամբ վեր է հանում այն խութերը, խնդիրները, որոնք որ այս իշխանությունները թույլ են տալիս Արցախը թշնամուն հանձնելու գործըթնացում։ Եվ եթե նկատել եք, նա ձերբակալվել է իր այն հայտարարության հաջորդ օրը, երբ ասաց, որ կսպասի Նիկոլ Փաշինյանի՝ քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթին և այդ ելույթի արդյունքներով կներկայացնի իր ամբողջական վերլուծությունը», -  - հավելեց Ղազարյանը։

Ղազարյանի պնդմամբ, այդ հայտարարությունից մեկ օր անց՝ մինչև ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, Աշոտյանը ձերբակալվեց և կալանավորվեց․ «Դա կարող է լինել միայն այն բացառիկ դեպքերում, եթե Աշոտյանի կալանքի վերաբերյալ որոշումը քննեն բարեխիղճ և արդարադատության շահերով առաջնորդվող դատավորներ, որոնք դեռևս մնացել են մեր դատական համակարգում, սակայն գտնվում են ճնշումների ներքո։ Եվ ուղղակի ապավինել ընդհանուր համակարգին, հնարավոր չէ, որովհետև Աշոտյանի կալանքի որոշումն էլ կայացվել է ինչ-որ մի դատավոր կոչվածի կողմից»։

 

--00—ԱՊ