Մինչև ՀՀ-ն չչեղարկի բանակցությունները Ադրբեջանի հետ, ՄԱԿ-ից ակնկալիքներ չենք կարող ունենալ․ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

photo_2023-08-17_19-01-05

Երեկ` օգոստոսի 16-ին պաշտոնական Երևանի պահանջով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում բարձրացվեց Արցախի հարցը: Տեղի ունեցավ անդամ երկրների ներկայացուցիչների ելույթները, ինչպես նաև ելույթ ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ներկայացնելով` Արցախում տեղի ունեցող իրավիճակը: Թեմայի վերաբերյալ 24News-ը զրուցել է Արցախի  ԱԺ-ի  «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ:

-Ի՞նչ արձանագրումներ կարող ենք անել, ի՞նչ տվեց մեզ ՄԱԿ-ի ԱԽ նիստը։

-Ես մինչ այդ էլ ասել էի, որ առանձնապես ակնկալիքներ չկան, քանի որ միջազգային հանրությունը չի կարող ավելի հայանպաստ, հայամետ լինի քան հայ ազգի ներկայացուցիչը։ Եվ, երբ Նիկոլ Փաշինյանը կամ Հայաստանի ներկայացուցիչները գործնական քայլեր չեն ձեռնարկում, սպասել միջազգային հանրությունից կամ ՄԱԿ-ի ԱԽ-ից, որ իրենք ավելի գործնական քայլերով կարող են փորձել աջակցել արցախահայությանը մեղմ ասած՝ իրատեսական չէ։

Մինչև ՀՀ իշխանությունները չփակեն օդային սահմանը Ադրբեջանի համար, չչեղարկեն բանակցություններն Ադրբեջանի հետ, այսինքն` գործնականում որևէ քայլ անեն, այդ դեպքում կարելի էր որևէ ակնկալիք ունենալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից, որ նրանք էլ կարող են կոշտ քայլեր ձեռնարկել: Բայց տեսնում են` Հայաստանի ներկայացուցիչը 120 հազար մարդու կյանք թողել է բախտի քմահաճույքին կամ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ մենակ և փարթիներ են կազմակերպում, մի քանի միլիոն դոլարով երգիչ են հրավիրում, այն դեպքում, երբ 120 հազար մարդ օրվա հացի խնդիր ունի և ելնելով դրանից, ինչու՞ պիտի իրենք ավելի կոշտ որոշումներ կայացնեն, քան Հայաստանի իշխանությունները։

-Ձեր նշածի կոնտեքստում անդրադառնանք նաև երեկ Ադրբեջանի ներայացուցչի ելույթին, որը էժանագին քայլի գնաց և Արցախում անցկացված հարսանիքների կամ ծննդյան առիթների հրապարակված լուսանկարներն ի ցույց դրեց, նշելով, որ սով չկա։

-Հարսանիքը ամեն մեկի կյանքում մեկ անգամ է լինում և յուրաքանչյուր ոք իր ռեսուրսները ներդնում է դա կազմակերպելու համար։ Այսօր, եթե Արցախում լինում են հարսանիքներ, տեղի է ունենում 30-50 հոգով։ Եվ դա բնական է, որ յուրաքանչյուրն ուզում է իր երեխայի հարսանիքը տեսնել, բայց այդ ամենը ներկայացնել միջազգային հանրությանը՝ ծիծաղելի է։ Կարմիր խաչի ներկայացուցչությունը Արցախում է ու տեղյակ են՝ իրականում ինչ է կատարվում Արցախում, դա փաստարկներ չի, որ Ադրբեջանը բերել է, դա շատ պրիմիտիվ քայլ է։

-Այդուհանդերձ, նիստը տեղի ունեցավ, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք և մասնավորապես ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ելույթների մասին ի՞նչ կարող եք ասել։

-Ընդհանուր առմամբ, ես դրական եմ գնահատում, քանի որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը փակված է և փորձում է բերել իր ներքին խնդիրը դարձնել, բայց մենք տեսնում ենք, որ միջազգային հարթակներում խոսում են Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին և, որ  այսօր այդ հարցը փակ չէ։ Սա պետք է կարողանալ մեր դիվանագիտության մեջ ճիշտ օգտագործել, սակայն ցավոք սրտի այս իշխանությունների օրոք այս դրական կողմն էլ կարող է ի չիք դառնալ։

-Արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթի մասին ի՞նչ կասեք։

-Շատ փաստեր կային ներկայացված, բայց ցավոք սրտի բազմաթիվ այլ քայլերի մասին էլ Ադրբեջանի կողմից` արված սադրանքների և ահաբեկչության վերաբերյալ փաստերի արձանագրումը չգիտես ինչու դուրս էին մնացել ելույթից: Մասնավորապես՝ 3 ոստիկանների սպանությունը, այդ նույն միջանցքում «էկոակտիվիստների» հայտնվելը, ջրամատակարարման աշխատակցին գնդակահարելը: Այս փաստերը մոռացության են մատնվել, որոնք ևս հզոր փաստեր կլինեն ներկայացնելու դեպքում, որպեսզի միջազգային հանրությունը տեսնի, որ այդ միջանցքը անվտանգ չէր անգամ մինչև բլոկադան և Ադրբեջանի կողմից չէր կատարվում նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը։

Մերի Մանուկյան

--00—ՅՄ