Թուրք-ադրբեջանական օրակարգում «Ղարաբաղն Ադրբեջան է»-ի փոխարեն «Զանգեզուրն Ադրբեջան է» հայեցակարգն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

photo_2023-10-05_14-30-30

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ջանքերով աշխատում են ստանալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը ոչ թե միայն պետք է իրար ցամաքային կապով միացնի այդ երկու պետությունները, այլև հիմք ստեղծի Սյունիքի սողացող նվաճման համար: Այլ բառերով ասած` թուրք-ադրբեջանական օրակարգում այժմ «Ղարաբաղն Ադրբեջան է» բանաձևի փոխարեն «Զանգեզուրն Ադրբեջան է» հայեցակարգն է:

Սրա իրականացման դեպքում Թուրքիան և Ադրբեջանը իրենց հայացքն ուղղելու են դեպի հարավ` Իրանի հյուսիսային նահանգներ, որոնք թուրքական քաղաքական խոսույթում կոչվում են «Հարավային Ադրբեջան»: Ուստի Սյունիքի վրա աշխատանքին զուգահեռ թուրք-ադրբեջանական երկյակը հետևողականորոն աշխատում է նաև Իրանի հյուսիսում:

Երեկ գիշեր թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքի փողոցներում հայտնվել են «Զանգեզուրն Ասրբեջան է» գրությամբ քարոզչական պաստառներ, որոնց մեջ նշված է նաև «Բաքու-Թավրիզ-Անկարա» առանցք ձևավորելու հեռահար նպատակը:

Իհարկե, Իրանը հետևողական աշխատում է պանթյուրքական այս դրսևորումների հետ, սակայն հենց այս հարցում է պակասում Հայաստան-Իրան ռազմավարական դաշնակցությունը: Այն կարելի է ստեղծել և ընդլայնեն` չսահմանափակելով միայն Սյունիք-Թավրիզ գծով»:

--00—ՅՄ