Արտակ Զեյնալյանն ընդունել է ՀՀ-ում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

1

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին:

Հռոմի Սրբազան Քահանայապետի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել նախարար Զեյնալյանին ընդունելության համար և ուրախությամբ նշել, որ Հայաստանում սկսվել է բարեփոխումների և մեծ հույսի ժամանակաշրջան: Այդ համատեքստում նվիրակը նշել է, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների խորացման նոր փուլ է սկսվել, և համագործակցության զարգացման համար կան բոլոր նախադրյալները:

Արդարադատության նախարարը ողջունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին և հավաստել իր խորը հարգանքն ու ակնածանքը Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հանդեպ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական ոլորտում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները: