Էրդողանն ու Ալիևը անդրադարձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

l-223x0wh-1030x600z-0.7633

Տաշքենդում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում ելույթով է հանդես եկել Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևը հայտարարել է, թե 2020 թվականին Ադրբեջանը ինքնապաշտպանական գործողություններ է իրականացրել և հաղթել պատերազմում, փոխանցում է «Լուրեր»-ը:

«2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը ուժային ճանապարհով լիովին վերականգնեց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա հավելել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը միլիարդավոր դոլարների ներդրում է կատարել տրանսպորտային նախագծերում և դարձել Եվրասիայի լոգիստիկ հանգույցներից մեկը Արևելք-Արևմուտք և Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքներում: «Երկու միջանցքի ադրբեջանական հատվածների շինարարությունն արդեն ավարտվել է։ Այժմ աշխատում ենք դրանցով անցնող երկաթուղային ճանապարհների թողունակության ընդլայնման ուղղությամբ»,- ասել է Ալիևը:

Տարածաշրջանում զարգացումներին է անդրադարձել Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում զարգացումներից հետո տարածաշրջանը քայլ առ քայլ մոտենում է կայուն խաղաղության:

«Գործընթացը կհեշտանա, եթե Հայաստանը կատարի Ադրբեջանի նկատմամբ ունեցած պարտավորությունները: Չափազանց կարևոր է մոտ ապագայում կյանքի կոչել տրանսպորտային հաղորդակցությունը, որը կմիացնի Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը»,- ասել է Ռեջեփ Էրդողանը։

--00—ՅՄ