Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

նա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։



Ողջունելով հյուրին Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «1994 թվականից սկսած, երբ Հայաստանում բացվես ՅՈՒՆԻՍԵՖԻ գրասենյակը, մենք մշտապես զգացել ենք Ձեր ներկայությունը մեր երկրում՝ երեխաների պաշտպանության, կրթության և առողջապահության և բազմաթիվ այլ ոլորտներում: Մենք շատ բարձր ենք գնահատում այն մարդասիրական մեծ աշխատանքը, որն արվում է կազմակերպության կողմից և այն ծրագրերը, որոնք իրականացվում են Հանրապետության տարբեր պետական մարմիների հետ համատեղ»:



Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Քրիսթինե Վայգանդը նշել է, որ շուրջ երեք տասնամյակ ՅՈՒՆԻՍԵՖԸ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում, որոնք շարունակական բնույթ են ունեն:



Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պետական մարմինների և կազմակերպության միջև համագործակցության հետագա խթանման հեռանկարները կրթության, առողջապահության և այլ ոլորտներում:



Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին բազմակողմանի սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման հրատապ անհրաժեշտության վերաբերյալ: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը երախտագիտություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կատարված մարդասիրական աշխատանքների համար՝ նշելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը եղել է առաջին միջազգային կազմակերպություններից մեկը, որն արձագանքել է հումանիտար ճգնաժամին՝ աջակցելով երեխաների խնդիրներին լուծումներ գտնելուն առանցքային ոլորտներում:



Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖԻ նախաձեռնություններին:

--00—ԼՀ