Ֆաուստի Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

 

Գայթակղությունն ու հոգու փրկությունը հանուն աշխարհիկ հաճույքների զոհաբերելը, այն է՝ արժեքներից ու հավատամքից հրաժարվելը, նկարագրված է դեռևս Գիրք Գրոցում՝ Ավետարանում, երբ Տեր Աստված Եդեմում Ադամին ու Եվային հնարավորություն տվեց ապրելու և վայելելու՝ խստիվ պատվիրելով չուտել արգելված պտուղը։ Ու մենք բոլորս գիտենք, թե ինչպես և ում դրդմամբ Եվան համոզեց Ադամին ճաշակել այն, որի հետևանքով վռնդվեց Աստծու ստեղծած դրախտավայրից, ու նրա որդիները, թոռներն ու սերունդները՝ այսինքն մենք, շարունակում ենք դեգերել այս մեղավոր աշխարհում՝ կռիվ տալով բարու և չարի, ճիշտի և սխալի այս անվերջ պայքարում, որի հիմնական ու գլխավոր հատվածն ընթանում է հենց մեր մեջ՝ մեր պատկերացումներում՝ «կարելիի և ոչ կարելիի», այն է՝ մեր ներքին համոզմունքների ու բարոյականության կռիվներում։

Ու ոչինչ էլ Ավետարանի ժամանակներից ցայսօր մեծ հաշվով չի փոխվել։ Եդեմից վռնդված մարդը, եթե, իհարկե, մենք քրիստոնյա ենք ու հավատում ենք, հավաքչությունից հասավ մինչև տիեզերք թռնելուն, բայց կյանքի մոտիվացիան մնաց նույնը, ուստի և կռիվն էլ այդ մոտիվացիայի իրականացման համար փոխեց իր ձևը, բայց ոչ երբեք իմաստը։

Ու հույն և հռոմեացի փիլիսոփաներից մինչև Մարքս ու ժամանակակից փիլիսոփաներ փորձում են հասկանալ կյանքի իմաստը, այն անցկացնելու ու կազմակերպելու ձևերն ու դրդապատճառները՝ այլ խոսքով, թե ինչի համար արժի տալ կյանքը, ինչի համար պետք է պայքարել։ Ու եթե հանում ես իմաստի մասին այս կռիվը, ուրեմն և ամեն ինչ արժեզրկվում է, որովհետև մեզ անասունից տարբերում է բանականությունը, դատելու ու մտածելու կարողությունը, լավի և վատի, բարու և չարի պայքարը, որ կրկին հիմնականում ընթանում է մեր մեջ, հետո՝ արդեն արտաքին աշխարհում։

Հայաստանին պատած այս ողբերգությունը, որի կործանարար ընթացքը շարունակվում է ցայսօր, ունի բազմաթիվ ու բազմապիսի պատճառներ, որոնց հիմնական հռետորիկան սլաքներն ուղղում է դեպի ժողովուրդը իբրև հիմնական պատճառ, որ հանդուրժեց ու շարունակում է հանդուրժել այս սարսափելի իրականությունը։ Ու այս պոլեմիկան, թե ով է մեղավոր, ինձ հիշեցրեց գերմանացի մեծն Գյոթեի կոթողային «Ֆաուստ» ստեղծագործությունը, որ կրկին բարու և չարի անվերջանալի պայքարի մասին է։ Պրոֆեսոր Ֆաուստը՝ մի բարեսիրտ անձնավորություն, Մեֆիստոֆելի ու Տիրոջ գրազի արդյունքում դառնում է փորձադաշտ, որը մեկ վերածվում է երիտասարդ կնոջ մղձավանջի, նրա ընտանիքի, չծնված երեխայի մահվան/սպանության պատճառը, հետո կրկին սկսում մտածել բարի արարելու մասին, եթե շատ գռեհիկ նկարագրենք աշխարհի պատմության լավագույն ստեղծագործություններից մեկը։ Ի վերջո, չնայած բազմաթիվ ստորությունների, միջավայրի մասին մտածելը, վերջում բարի արարել ցանկանալն են դառնում պատճառ, որ Աստծու ուղարկած հրեշտակները նրան տանում են դրախտ։

Բայց անձամբ ինձ համար այստեղ ամենաողբերգական, բայց միևնույն ժամանակ ամենաօրինակելի, առաքինի կերպարը երիտասարդ Մարգարիտա-Գրետխենն է, որ հրաժարվում է Ֆաուստի ու Մեֆիստոֆելի առաջարկից ու մնում բանտում՝ իմանալով, որ շատ շուտով՝ րոպեներ անց, մահապատժի է ենթարկվելու սեփական երեխային սպանելու համար։ Նա մերժում է չարի մեկնած ձեռքը, ու Տերը, տեսնելով դա, անմիջապես որոշում է՝ «Փրկվեց»…

Պրոֆեսոր Ֆաուստը, իրականում, այս ամենի ամենամեծ զոհն է, որովհետև ընտրվում է իբրև փորձադաշտ։ Նրա համար ստեղծվում են այնպիսի պայմաններ, որտեղ մարդկային թուլությունը հաղթում է հավատին ու արժեքներին, ներքին բարոյականությանը, որին ինքը ժամանակին հավատացել էր։ Եվ ո՞վ կարող է հիմա ասել, թե եթե բարության ու առաքինության տիպար Ֆաուստն է դառնում գազան, ապա մեզնից յուրաքանչյուրս չենք կարող արժանանալ նույն ճակատագրի, եթե ստեղծվի համապատասխան միջավայր։

Հիմա մեր քաղաքական գործիչներից շատերը հարց են տալիս, թե դու՝ ո՜վ հայ ժողովուրդ, որ գալիս ես Հայկից, առաջին քրիստոնյաներից ես, ունես մշակույթ ու պատմություն, ինչպես ես քո մեծամասնությունով այսքան հեշտ հրաժարվում քո սրբություններից։ Պատասխանը կա Ավետարանում, կա «Ֆաուստում» ու կա սովորական մեր կյանքում։ Ինչպիսի միջավայր ստեղծվի, այնպիսին էլ կլինի արդյունքը։ Ի՞նչ է, հայ ժողովուրդն ավելի լավն է, քան գերմանացինե՞րը, որ իրենց մեծամասնությամբ լավ էլ գիտեին, թե ինչ է արվում հրեա ժողովրդի հետ կոնցետրացիոն ճամբարներում, բայց առանձնապես չէին վրդովվում ու ըմբոստանում այս մարդակերության, մահվան գործարանների դեմ։ Ի՞նչ է, հայ ժողովուրդն ավելի լա՞վն է, քան ԽՍՀՄ-ի՝ Ստալինի տարիների ժողովուրդները, որ տասնյակ հազարներով մատնագրեր էին գրում՝ հոր դեմ որդին, եղբոր դեմ քույրը։ Ո՜չ, միջավայրն էր այդպիսին։ Այսինքն, եթե կա միջավայր, կա պրոպագանդա, պարտադրում, կա «նոր նորմալություն», որտեղ նախկին արժեքն այլևս «խաղից ու օրենքից դուրս է», իսկ նորմալ է այն, ինչ ժամանակին անբարո ու եղկելի էր, միշտ էլ դրան հետևորդներ գտնվելու են։ Ուստի հայ կամ որևիցե այլ ժողովուրդ չի, որ հավաքական առումով մեղավոր է իրավիճակի համար։ Անգամ այսօրվա իշխանության հետևորդները՝ պարզ մարդիկ, մեղավոր չեն, իրենց համար ստեղծել են միջավայր ու ասել, որ սա է ճիշտը։ Մեղավորը նրանք են, որոնք կոչված են համոզելու հակառակը, բայց զլանում են, ճիշտ չեն աշխատում կամ համոզված չեն սեփական արդարության մեջ ու ավելի վատ՝ չեն ուզում դա անել սեփական օրինակով։

Որովհետև եթե Մակեդոնացին չհավատար իր ուսուցիչ Արիստոտելի ասածներին, կասկածեր, թե Արիստոտելը կեղծում է իր քարոզածի ու ուսուցանածի մեջ, ապա չէր գնա Հնդկաստանը գրավելու իր երազանքի հետևից։

Հայ ժողովրդին մի փոքր հաղթանակ է պետք, որ կփոխի միջավայրն, ու կրկին կվերականգնվեն բարու և չարու մասին առաքինի պատկերացումները։

Նարեկ Գալստյան



--00—ՍՊ