Միջազգային հանրությունը պիտի միջոցներ գործադրի՝ զսպելու ՀՀ նկատմամբ Ադրբեջանի, Թուրքիայի նկրտումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

1132160

Դեսպան, Սիրիայի ԱԳՆ Դիվանագիտական ինստիտուտի տնօրեն, ԱՄՆ-ում և Չինաստանում Սիրիայի նախկին դեսպան Իմադ Մուստաֆան կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է գործադրի հնարավոր բոլոր միջոցները՝ կաշկանդելու, սահմանափակելու հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ընդլայնողական նկրտումները: Դիվանագետը համոզված է նաև՝ առանց Թուրքիայի միջամտության և ռազմական օգնության՝ Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը տեղի չէր ունենա:

«Արմենպրես»-ը զրուցել է Իմադ Մուստաֆայի հետ՝ Հայաստան այցի հիմնական նպատակի, տարածաշրջանային ու անվտանգային հարցերի, Սիրիայում հայկական համայնքի դերակատարության և այլ թեմաների շուրջ:

- Պարոն դեսպան, նախ կխնդրեմ ներկայացնեք Հայաստան այցի նպատակը, ի՞նչ պայմանավորվածություններ եք ձեռք բերել:

- Մասնագիտական մակարդակով այցի նպատակը հետևյալն է. ես Սիրիայի արտգործնախարարության դիվանագիտական ինստիտուտի տնօրենն եմ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ունի հիանալի դիվանագիտական դպրոց, և մենք ցանկանում էինք համագործակցություն, իրական ամուր հարաբերություններ հաստատել երկու ինստիտուտների միջև: Մենք ցանկանում էինք փոխըմբռնման հուշագիր ստորագրել։ Որպես դրա սկիզբ՝ Հայաստանի դիվանագիտական դպրոցը 12 սիրիացի դիվանագետների հրավիրեց Հայաստան՝ մասնակցելու դիվանագիտության երկշաբաթյա դասընթացին: Մենք էլ հուսով ենք, որ մի քանի հայ դիվանագետների փոխադարձաբար կհրավիրենք այցելել մեր ինստիտուտ և մասնակցել աշխատաժողովների, դասընթացների: Այսպիսով, մասնագիտական մակարդակում սա է Հայաստան այցիս նպատակը: Բայց նաև անձնական հետաքրքրվածություն կա Հայաստանի նկատմամբ. ինչպես, հավանաբար, գիտեք, յուրաքանչյուր սիրիացի Հայաստանն իր սրտին շատ հարազատ է համարում՝ Սիրիայում սիրիահայերի յուրահատուկ ավանդի շնորհիվ: Նրանք գերազանցության են հասել ամեն ինչում, ինչ արել են: Սիրիայում յուրաքանչյուր հայ եղել է Հայաստանի հիանալի դեսպան։ Այնպես որ, Հայաստանը Սիրիայում բարձր են գնահատում։ Եվ որպես սիրիացի՝ ես միշտ երազել եմ այցելել Հայաստան՝ տեսնելու այս գեղեցիկ երկիրը, որը մեզ է ուղարկել այդ գեղեցիկ, խելացի, աշխատասեր, ազնիվ մարդկանց։

- Որպես դիվանագետ՝ ինչպե՞ս եք գնահատում հայ-սիրիական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

- Մի կողմից հարաբերությունները գերազանց են։ Երկու ժողովուրդների հարաբերությունների ջերմությունն ու խորությունն արտացոլված են նաև երկու երկրների կառավարությունների հարաբերություններում։ Այսպիսով, երկու կառավարությունները կապ են հաստատում միմյանց հետ, համագործակցում են, խորհրդակցում: Նույն հարցերի վերաբերյալ մենք մեծամասամբ միասնական դիրքորոշում ունենք: Մյուս կողմից՝ միայն այս մակարդակով չեմ բավարարվում։ Ես ուզում եմ երկու երկրների հարաբերությունները տեսնել շատ ավելի լավ և ուժեղ, քանի որ ես Ձեզ նկարագրեցի Սիրիայի ժողովրդի և Հայաստանի ժողովրդի միջև հարաբերությունների խորությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ