Թուրքիայի ՏԻՄ ընտրությունում ընդդիմության հաղթանակը կարող է որոշիչ լինել նախագահական ընտրությունում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

դդ

Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը, ըստ դիտորդների, վկայում է երկրի քաղաքական կյանքում կարևոր փոփոխության մասին։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ «Հանրապետական ժողովրդական» կուսակցության տպավորիչ հաղթանակը ՏԻՄ ընտրություններում շրջադարձ էր կուսակցության համար, հատկապես՝ եթե հիմք ընդունենք երկրի նախագահի պաշտոնում Էրդողանի անցած տարվա վերընտրվելը՝ նկատում են դիտորդները:

«Անցած տարվա մայիսյան ընտրություններում ընդդիմության պարտությունից հետո բոլորը կարծում էին, թե ընդդիմադիրները հուսահատ վիճակում են։ Բայց դա, կարծես, այդպես չէ, և սա իրական շրջադարձ է թուրքական քաղաքական դաշտի համար»,- ասում է Istanbul Economics Research հաստատության ղեկավար Քան Սելջուկին:

Հարազատ կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում Էրդողանը ստանձնեց գլխավոր դերը՝ ձգտելով «վերանվաճել» Ստամբուլը գործող քաղաքապետ, ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուից:

Սակայն արդյունքները ճի՛շտ հակառական են․ Իմամօղլուն ընդլայնեց իր քաղաքական վերահսկողությունը՝ հաղթելով Էրդողանի կուսակցության կողմից վերահսվող շրջաններում, ներառյալ՝ Բեյօղլու թաղամասում, որը Էրդողանի ծննդավայրն է և որտեղ Թուրքիայի նախագահը ուներ մեծ ընտրազանգված:

Շուրջ 70%-ի հասնող գնաճը և վերաֆինանսավորման մոտ 50%-ը, ինչի հետևանքով վարկերն անհասանելի են դարձել բնակչության մեծամասնության համար, ըստ դիտորդների, Էրդողանի գլխավորած քաղաքական ուժի պարտության հիմնական պատճառներն են։

Փոխարենը, Իմամօղլուն հանդես եկավ որպես հանրության բոլոր խավերի շահերը հաշվի առնող ղեկավար, ինչը դարձել է նրա հաջողության գործոններից մեկը, որն էլ իր հերթին ավելի է ուժեղացրել նրա դիրքերը՝ երկրի նախագահի հնարավոր թեկնածուների շարքում։

«Հանրապետական ժողովրդական» կուսակցությունը ներկայացնող, մայրաքաղաք Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասը նույնպես ջախջախիչ հաղթանակ տարավ:

Ըստ դիտորդների, երկու քաղաքապետերին հաջողվել է իրենց կողմը գրավել կրոնական ուղղվածություն ունեցող ընտրողներին՝ ընդլայնելով կուսակցության կողմնակիցների շրջանակը:

Դիտորդների կարծիքով, ընդդիմադիրների համար սա հաջողության դուռ է բացում Թուրքիայի այն մասերում, որոնք Էրդողանի կարևոր քաղաքական հենարանն էին, օրինակ՝ Անատոլիայում:

Շատերն են այն կարծիքի, որ մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում «Հանրապետական ժողովրդական» կուսակցության նման հաղթանակը փոխել է իրավիճակը Թուրքիայում, քանի որ ընդդիմադիրները այլևս վերահսկում են երկրի առաջին չորս խոշոր քաղաքները և բազմաթիվ այլ բնակավայրեր։

Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»

--00—ՍՊ