Պատմական Հայաստանի և «իրական» Հայաստանի միջև ընտրություն կատարելու կոչը մեր ժառանգության ուրացումն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

626334ec090cfe15dbacf830601ae047_M

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Պատմական Հայաստանի և «իրական» Հայաստանի միջև ընտրություն կատարելու կոչը, կամ պատմական Հայաստանի հակադրումը «իրական» Հայաստանին, ազգային գաղափարախոսության հենասյուներից մեկի՝ պատմական հիշողության և մեր հավաքական ժառանգության մերժումն ու ուրացումն է։ Սա մեր հոգու բուն էության ժխտումն է, այն հիմքերի հերքումը, որոնց վրա կառուցվել և ձևավորվել է մեր ազգային պատկերը։

Անցյալին պարբերաբար վերադառնալը, կամ անցյալը հիշելը պարզապես պատմության խորքից տեղեկատվություն քաղելու գործընթաց չէ, այն ժամանակների միջև ակտիվ երկխոսություն է, որտեղ անցյալը դառնում է մեր ներկան հասկանալու բանալին, որտեղ պատմությունը ծառայում է որպես անխոնջ հիմք մեր ժամանակակից ձգտումների և նպատակների համար:

Մեծն Րաֆֆու գունեղ ձևակերպմամբ, «Պատմությունը մի վարդապետարան է, որի մեջ ապագա սերունդը կրթվում է, զգուշանալով իր նախահայրերի սխալներից և հետևելով նրանց լավ գործերի օրինակին»։ Այլ կերպ ասած, մենք պատասխանատվություն ենք կրում ավելի խորը փորփրելու, մեր պատմական դասերը ժամանակակից խնդիրների վրա կիրառելու իմաստալից ուղիներ գտնելու համար՝ փնտրելով միասնություն, քան բաժանում:

Պատմական Հայաստանը այսօրվա՝ քաղաքական իմաստով «խղճուկ» Հայաստանին հակադրելու փոխարեն քաղաքական ընտրանի իրենց համարողները պետք է ունակություն, գիտելիք և կամք դրսևորեն՝ հանրության հետ երկխոսության միջոցով պարզելու համար, թե ո՞րն է պատմական հիշողության դերը մեր ազգային ինքնության սահմանման գործում և ինչպե՞ս կարող ենք մենք օգտագործել էթնոմոբիլիզացիոն այս հզոր ներուժը՝ ի շահ մեր պետության ու ժողովրդի:

Մենք կանգնած ենք պատմական զարգացումների մի այնպիսի խաչմերուկում, որտեղ գոյութենական վտանգների հետ մեկտեղ մեզ պարտադրում են, որ մենք ընտրություն կատարենք անցյալի և ներկայի, ավանդույթի և նորարարության միջև։ Այնինչ, մեր նպատակն ու իրական ճանապարհը ոչ թե անցյալը մերժելն է, այլ այն ընդունելը, վերաիմաստավորելը և օգտագործելը՝ որպես Հայաստանի համար ավելի լուսավոր և արդար ապագա ստեղծելու կատալիզատոր։ Սա ճանապարհ է, որը պահանջում է զինվել մեր նախնիների իմաստությամբ և գործուն, ստեղծագործ և անձնազոհ վարքագծով մարտահրավեր նետել ներկա պահի անբարենպաստ իրողություններին»:

--00—ՅՄ