Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը․ ո՞ր ընկերությունների հարկերն են ավելացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

1

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թ. առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուների ցուցակը: Ըստ ՊԵԿ-ի հրապարակման՝ այս տարվա առաջին կիսամյակում նրանք միասին վճարել են ավելի քան 510 մլրդ դրամ հարկ, ինչը ավելի քան 64 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

2019 թ․ առաջին վեց ամիսներին առաջին 10 խոշոր հարկատուները բյուջե են վճարել ավելի քան 131 մլրդ դրամի հարկ։

10 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը բյուջե է վճարել 29,5 մլրդ դրամ հարկ։ Եռյակը եզրափակում են «Գրանդ Տոբակո» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները, որոնք վճարել են համապատասխանաբար 28,3 մլրդ և 22,8 մլրդ դրամ հարկ։ 4-րդ տեղում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը՝ 9,45 մլրդ վճարած հարկով, 5-րդում՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը՝ 9,1 մլրդ դրամով:

Հաջորդ հնգյակի ընկերություններն են՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»՝ 7,8 մլրդ դրամ դրամ, «Ֆլեշ»՝ 7,6 մլրդ դրամ, «Ակվիլոն Թրեյդ»՝ 6,5 մլրդ դրամ, «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ 5,18 մլրդ դրամ, «Արմենիա» միջազգային օդանավակայանները՝ 5,16 մլրդ դրամ:

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Ֆիլիպ Մորիս Արմենիան» եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում 6-րդ հորիզոնականում էր՝ վճարելով 8,15 մլրդ դրամ, ապա այս տարի իր տեղը զիջել է «Հայաստանի էլեկտրական ցանցերին»՝ վճարելով 5,1 մլրդ դրամ։

Հայտնի մեկ այլ գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը այս տարի բարալավել է դիրքերը՝ 14-րդ տեղից հայտնվելով 10 խոշոր հարկատուների ցանկում՝ 7-րդ հորիզոնականում՝ վճարելով 2,8 մլրդ դրամով ավելի հարկ։

Հայտնի գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը 2019 թ․ իր բոլոր ընկերությունների միջոցով ՀՀ պետական բյուջե է վճարել շուրջ 9,5 մլրդ դրամ հարկ, խոսքը մասնավորապես վերաբերում է «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս Էնդ Հոլդինգ», «Սիթի» և «Ալեքս Տեքստիլ» ընկերություններին։