«Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքի ակցիան, ամենայն հավանականությամբ, ուղղորդված է․ քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Տարվա ընթացքում մենք պարբերաբար ՄԻՊ-ից ստանում էինք նամակներ, որտեղ «Սանիթեքի» աշխատակիցները դիմել են իրենց եւ բողոքում են, որ «Սանիթեքը» չի տալիս իրենց աշխատավարձը, չեն անում վերջնահաշվարկը: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա նկատեց, որ  «Սանիթեքում» սա պարբերաբար բնույթ է կրել և նշեց, որ Երեւանի քաղաքապետարանի դիմաց «Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքի ակցիան, ամենայն հավանականությամբ, ուղղորդված միջոցառում է.

 «Մեր աշխատակիցները նրանց հարց են տվել, թե ընդհանրապես, դուք երբ եք ստանում աշխատավարձը եւ պատասխանը եղել է՝ ամսի 5-ից հետո: Այսօր ամսի 10-ն է: Երեւի «Սանիթեքի» կողմից է ուղղորդվում, այսինքն իրենք փորձում են իրենց խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա: Մենք մենակ չենք թողնի «Սանիթեքի» աշխատակիցներին, իրավաբանական օգնություն կցուցաբերենք: Բայց այն, ինչ փորձում է ասել «Սանիթեքը», թե քաղաքապետարանը փողը չի տվել, դրա համար աշխատավարձ չեն տալիս, ուզում եմ ասել, որ ընդհանուր գումարի 9 տոկոսի չափով են եղել տուգանքները»,- հայտարարեց Մարությանը՝ հավելելով, որ «Սանիթեքին» տրվելիք 3.3 մլրդ դրամից 9 տոկոսի չափով տուգանքներ են պահվել:

«Հիմա իրավական պրոցես է գնում: «Սանիթեքը» միջազգային ընկերություն է, մեկ օրվա բան չի հարցերի լուծումը»,-ասաց նա։

Հարցին, թե «Սանիթեքը» սպառնում է արբիտրաժով, Հայկ Մարությանը նկատեց. «Մենք այնքան ճիշտ ու հստակ գործողություններով ենք առաջ գնացել, որ ընդհանրապես որեւէ մտավախություն չունենք»:

Նա նաև տեղեկացրեց, որ Սանմաքրման համայնքային հիմնարկը աշխատակիցների համալրման փուլում է, եւ մարդիկ կարող են դիմել:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news