ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Լատվիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 18, 24News

zohrab mnatsakanyan

Սեպտեմբերի 17-ին նախարար Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ռիգայի ամրոց, որտեղ նրանց ընդունեց Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսը։ Այս մասին հայտնում են ԱԳ նախարարության լրատվության ծառայությունից։

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Էգիլս Լևիթսին վերջերս նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ և նրան փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։  

Անդրադառնալով Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակին՝ Զոհրաբ Մնացականյանը և Էգիլս Լևիթսը գոհունակությամբ նշեցին, որ հայ-լատվիական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, դրանք հարաբերություններ են ազատության և անկախության նկատմամբ առանձնահատուկ ուժեղ զգացում ունեցող ժողովուրդների միջև:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ իր այցը մեծ նպաստ կբերի երկու երկրների միջև հաստատված քաղաքական երկխոսության առավել ակտիվացմանը և խորացմանը: 

Լատվիայի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը ընդգծեցին նաև հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու երկրներին և ժողովուրդներին առավել մերձեցման գործում: Նախարար Մնացականյանը նշեց, որ լինելով Լատվայի հպարտ քաղաքացիներ և իրենց ներդրումը ունենալով երկրի զարգացման գործում՝ մեր հայրենակիցները միաժամանակ հանդիսանում են իրենց ազգային ինքնության կրողները և պահապանները:

ԱԳՆ ղեկավարը նախագահ Լեևիթսի ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ընթացող բարեփոխումների վրա, որոնք ուղղված են ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը և վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Դատաիրավական բարեփոխումների համատեքստում նախարար Մնացականյանը կարևորեց միջազգային և տարածաշրջանային գործընկերների աջակցության համակարգումը, առկա փորձագիտության արդյունավետ օգտագործումը: 

Եվրոպական միության և ԵՄ երկրների հետ գործընկերության համատեքստում՝ երկուստեք արժևորվեց Արևելյան գործընկերությունը՝ որպես ընդհանուր արժեքների և նախանշված նպատակների հիման վրա ձևավոված արդյունավետ, մեծ ներուժ պարունակող հարթակ: 

Լատվիայի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային զարգացումների և դրանց նկատմամբ ունեցած դիրքորոշումների շուրջ։ 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Նախագահ Լևիթսը և նախարար Մնացականյանը շեշտեցին, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք լինել չի կարող։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news