Վստահ եմ, որ ամեն հայորդի քաջ գիտակցում է անկախության ձեռքբերման թանկ գինը․Գագիկ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Ազատ եւ անկախ հայրենիքի հռչակումը մեր նորագույն պատմության կարեւորագույն ձեռքբերումն ու հաղթանակն է: Այս մասին նշված է Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքում:

 «Սիրելի հայրենակիցներ,

ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ազատ եւ անկախ հայրենիքի հռչակումը մեր նորագույն պատմության կարեւորագույն ձեռքբերումն ու հաղթանակն է:

Անկախության 28 տարիների ընթացքում մեր երկրում ու մեր հասարակության կյանքում շատ փոփոխություններ են տեղի ունեցել, բազմաթիվ դժվարություններ են հաղթահարվել, սակայն մեկ բան անփոփոխ է ու անսասան՝ դա սերն ու անմնացորդ նվիրումն է մեր հայրենիքի հանդեպ:

Ես առավել քան վստահ եմ, որ յուրաքանչյուր հայորդի քաջ գիտակցում է անկախության ձեռքբերման թանկ գինն ու այն սրբության պես պահպանելու գործում իրեն վերապահված նվիրական առաքելությունը:

Մեր հասարակության յուրաքանչյուր անդամ իր հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները պետք է ծառայեցնի այդ սուրբ գործին, քանզի միայն այդ կերպ մենք կարող ենք ինքնուրույն կերտել մեր ժողովրդի, մեր սերունդների բարեկեցիկ ապագան եւ միայն հպարտության արժանի հայրենիք ժառանգենք մեր սերունդներին:

Տոնի առիթով երախտագիտության խոսքս եմ հղում նաեւ այն քաջորդիներին, որոնք հերոսացան հանուն անկախ Հայաստանի Հանրապետության լուսավոր ու պայծառ ապագայի:

Միայն կառուցելով ու շենացնելով մեր երկիրը մենք կարող ենք հավերժ ոգեկոչել նրանց անմար հիշատակը: Եվս մեկ անգամ շնորհավորելով համայն աշխարհասփյուռ հայությանը այս կարեւոր հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ հարատեւ խաղաղություն, բարեկեցություն եւ բարգավաճում»,-ասված է շնորհավորական ուղերձում։