Կանգնած էինք՝ փոխոստիկանապետը հարձակվեց մեզ վրա, ի՞նչ պետք է անեի դատարկ ձեռքերով. Բագրատ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Կանգնած էինք՝ փոխոստիկանապետը մեքենայից իջավ ու բղավելով հարձակվեց մեզ վրա, ինչո՞ւ, որովհետև արգելում էին, որ հանդիպենք ժողովրդին, նրանք են որոշել իջնել գյուղից ու գալ մեզ հանդիպել, և ոչ մի բան չկար խորքում, բայց այնքան են վախով լցված, որ նման վարք են դրսևորում։ Իրենց գործերը խավարի մեջ են, այս մարդկանց էլ հանցակից են դարձրել։ Մենք հետ վերադարձանք, հանդիպեցինք գյուղի ժողովրդին, ողջունում եմ նրանց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Արգելեցին մեզ Կիրանցի ժողովրդին տեսնել, բայց նրանք որոշեցին գալ ու հանդիպել մեզ հետ։ Երանի տեսանյութ լիներ տեսնեիք, թե ինչպես է փոխոստիկանապետը հարձակվում մեզ վրա՝ բղավելով, թե մենք սադրում ենք, մինչդեռ ինքն է սադրում ու հրահրում»,-ասել է նա։

Սրբազանը նշել է, որ հսկայական թվով ոստիկաններ են բերել՝ հարց հնչեցնելով՝ արդյո՞ք թշնամու դեմ էլ են այդպես պատրաստվում․ «Սա է այսօրվա մեր կյանքի, պետության տրամաբանությունը։ Սա տեռոր է սեփական ժողովրդի նկատմամբ»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ