ՔԿ ծառայողները մասնակցել են TAIEX գործիքով կազմակերպված Էլեկտրոնային մինչդատական ծրագրին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Քկ

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները 2019 թվականի հոկտեմբերի 7-ին մեկնել են Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Եվրոպական հանձնաժողովի TAIEX գործիքի միջոցով կազմակերպված Էլեկտրոնային մինչդատական վարույթի վերաբերյալ ուսումնական ծրագրին:

Միջոցառման շրջանակներում այցելել են Լիտվայի Ներքին գործերի նախարարություն, Գլխավոր դատախազություն, Քրեական ոստիկանություն և Լիտվայի ոստիկանության փորձագիտական կենտրոն: Այցի շրջանակներում ուսումնասիրվել են Լիտվայի ՆԳՆ Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության դեպարտամենտի գործունեությունը, էլեկտրոնային մինչդատական վարույթի (ինտեգրացիոն քրեական դատավարության) ծրագիրը, դրա իրավական հիմքերը, գործարկման առանձնահատկությունները, ինչպես նաև` Լիտվայի ոստիկանության լիազորությունները, տեխնիկական հնարավորությունները:

Հարկ է նշել, որ Լիտվայում 2016 թվականից գործում է էլեկտրոնային մինչդատական վարույթի համակարգը (ինտեգրացիոն քրեական դատավարություն), որը պաշտոնական է, ընդ որում` էլեկտրոնային փաստաթղթերը համարվում են պարտադիր, իսկ թղթային տարբերակները՝ լրացուցիչ:

Դատաքննությունը նախատեսվում է դարձնել էլեկտրոնային 2020թ. հունվարից՝ նախատեսելով առանձին ծրագրային ապահովում: Այսպիսով՝ ողջ մինչդատական վարույթը, դատախազական հսկողությունը և դատական վերահսկողությունը, իրականացվում է վերոնշյալ համակարգի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով:

Ինտեգրացիոն քրեական դատավարության համար իրավական հիմք են հանդիսանում Լիտվայի քրեական դատավարության օրենսգիրքը, «Տեղեկատվական ռեսուրսների կառավարման մասին» օրենքը և այլ իրավական ակտերը:

Լիտվայի քրեական դատավարության օրենսգիրքը լրացվել է նոր առանձին հոդվածով, որը կարգավորում է քրեական դատավարությունում տեղեկատվական և էլեկտրոնային հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկությունները:

Մինչդատական վարույթի էլեկտրոնային տարբերակը սահմանվում է Լիտվայի Ներքին գործերի նախարարի և Գլխավոր դատախազի համատեղ հրամանով՝ Դատական խորհրդի և Փաստաբանների կոլեգիայի հետ համաձայնեցված:

Էլեկտրոնային փաստաթղթերին օրենսդրությամբ ներկայացվում են հստակ պահանջներ, դրանք ստորագրվում են պաշտպանված էլեկտրոնային ստորագրությամբ: Յուրաքանչյուր էլեկտրոնային փաստաթուղթ ունի իր կոդը, ինչն էլ հաստատում է դրա իսկությունը: Յուրաքանչյուր ոք նշված կոդով կարող է ստուգել էլեկտրոնային փաստաթղթի իսկությունը պետական էլեկտրոնային արխիվում:

Էլեկտրոնային նախաքննության ծրագրային ապահովմանը կցված են պետական մարմիններում վարվող տեղեկատվական շտեմարաններ, որի արդյունքում քննիչն անմիջապես ստանում է հայցվող տեղեկատվությունը:

Ծրագիրն ունի նաև ժամկետների հիշեցման մեխանիզմ, դատախազից ստացված ցուցումների վերաբերյալ ծանուցման մեխանիզմ, ինչպես նաև գործողությունների կատարման արգելքի համակարգ այն դեպքերում, եթե քննիչը փորձում է գործողություն կատարել օրենքի խախտմամբ: Օրինակ, եթե քննիչը փորձում է առերեսում կատարել նախկինում չհարցաքննված անձի հետ, ապա համակարգը հուշում է, թե առերեսումը որ դեպքում կարող է կատարվել կամ եթե քննիչն ավարտական ակտ է կազմում, թույլ չի տալիս գործը ելքագրել՝ մինչև պարտադիր կայացվող որոշումները չեն լրացվում և այլն:

Ընդհանուր առմամբ ծրագիրը բավականին պարզ են, մատչելի և հեշտությամբ կիրառելի, ծրագրի կիրառմամբ տնտեսվում է մարդկային, ժամանակային և նյութական ռեսուրսներ:

Միջոցառման շրջանակներում գործնական հմտություններ են ձեռք բերվել էլեկտրոնային մինչդատական վարույթի ոլորտում, մասնավորապես՝ կոնկրետ ծրագրային ապահովման օգտագործման հնարավորությունների վերաբերյալ: Դրա հետ մեկտեղ կապեր են հաստատվել Լիտվային ՆԳՆ, գլխավոր դատախազության և ոստիկանության համապատասխան աշխատակիցների հետ՝ հետագա համագործակցության վերաբերյալ: Հաստատված կապերի շնորհիվ հետագայում հնարավոր կլինի նաև ստանալ էլեկտրոնային մինչդատական վարույթի հետ կապված անհրաժեշտ տեխնիկական, մեթոդաբանական օժանդակություն:

Միջոցառման արդյունքում ձեռք բերված փորձը հնարավոր կլինի ներդնել ՀՀ-ում՝ ինչպես քննչական կոմիտեում էլեկտրոնային նախաքննության ծրագրի կատարելագործման շրջանակներում, այնպես էլ՝ Հայաստանում նախատեսվող էլեկտրոնային արդարադատության իրականացման հիմքում: