Արման Սարգսյանն այցելեց գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված ոստիկանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակություն

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն այցելեց հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը գրանցված միջադեպի հետևանքով վիրավորված ոստիկանին, ով գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Լրագրողների հետ զրույցում բուժող բժիշկ, նյարդավիրաբույժ Ալեքսանդր Վարոսյանը հայտնեց, որ վիրավոր ոստիկանի վիճակը կայուն է, ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում: «Հիմա վիճակը կայուն է գտնվում է հսկողության տակ, ստանում է կոնսերվատիվ բուժում: Ի ուրախություն մեզ գլխուղեղում տրավմատիկ բնույթի փոփոխություններ չեն արձանագրվել, սակայն նախնական ախտորոշմամբ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում: Երկու-երեք օրվա ընթացքում դուրս կգրվի»,-ասաց նա:  

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հայտնեց, որ վիրավորում ստացած ոստիկանը ոչ միայն կշարունակի աշխատել ոստիկանության համակարգում, այլ նաև խոստացել է բարձրագույն կրթություն ստանալ, որպեսզի միջին խմբում պաշտոն ստանա ու սպայական կոչումներ շնորհվեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04․30-ի սահմաններում ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Երկու անձ սպասնության կասկածանքով բերման է ենթարկվել։