Նամակ բանտից 3․ «Բա ում ա՞ պետք ապրածդ...»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակություն

Բարեւ, ո՞նց ես։ Ես կամաց-կամաց հարմարվում եմ էս կյանքին։ Ասում են՝ մարդը պիտի հարմարվի միջավայրին, զբաղմունք գտնի իր համար։ Չեմ  կարողանում քնել՝ մտքեր, մտքեր ու անընդհատ մտքեր, որ խառնվում են իրար, ու չեմ կարող հասկանալ թե ինչո՞ւ էսպես ստացվեց։

Էն օրը մերոնց ասացի, որ «օբշակի» փողն ուղարկեն։ Բացատրեցի՝ ինչ գումար է, ասացի որ չեմ խաղում, բայց չհավատացին: Մայրս լացելով խնդրեց, որ հեռու մնամ «ղումար»-ից։ Ասացի՝ հեռախոսով մանրամասն չեմ կարող ասել, փողը բերելուց կբացատրեմ։ Ի դեպ, փողը տալիս են «զոն նայողի» ասած մարդուն՝ դրսում, որը պիտի շատ վստահելի ու բերանփակ մարդ լինի։  

Նախորդ նամակում պատմել էի մի տղայի մասին, ում «զոն նայողը» ծեծել էր։ Երկու օր առաջ եկավ ու Վարդանին (ծեծվողն է) առաջարկեց խաղալ։ Վարդանը մերժեց՝ ասելով, որ խաղերից հեռու է։

«Չգիտես, կսովորեցնեմ, կխաղաս, ամենահեշտը զառն ա։ Արի ստեղ։ Մեկը՝ քեզ, մեկը՝ ինձ։ Գցում ենք զառը, ում թիվը մեծ լինի, ուրեմն նա հաղթել է։ Ջոգի՞ր, ստավկեն 5000 ա, մինչեւ 200 հազար խաղում ենք»,- ասաց նա։

Վարդանը չուզելով՝ համաձայնվեց։ Պպզեցին ու սկսեցին խաղալ։ Սկզբում Վարդանը հաղթում էր, մինչեւ 100 հազար հասավ։ Հետո կտրուկ իրավիճակը փոխվեց ու «զոն նայողը» հաղթեց։

«Մի ամիս ժամանակ, եկող ամսի 5-ին փողը լինի։ Նայի ֆուֆլու չմնաս»,-աաաց նա ու իրենից գոհ գնաց։

Վարդանն ընկավ սթրեսի մեջ։ Չունևոր էին, բայց ստիպված էր գտնել, քանի որ «լավ տղերքի» փողն էր։

Հաջորդ օրը զբոսնում էինք, երբ մոտեցավ մոտ 40 տարի կյանքը կալանքում անցկացրած Սուրոն (անունը փոխված է): Նա Վարդանին բացատրեց, որ սրանից հետո չխաղա, «լոմկա» չուտի։ Սուրոն պատմեց, որ նախկինում «ղումար» խաղալը տղայական մի բան էր։

«Գալիս, առաջարկում էին ու եթե ասում էիր՝ փող չունեմ, կերցնում էին լոմկան։ Ասում էին՝ արա 20 հազար մանեթը ինչ ա, էդքան չկա՞ս, որ դրսի ընկերներդ 5000-5000 տան, բա ո՞ւմ ա պետք ապրածդ»,-պատմեց Սուրոն։

Նրա ասելով, դրանից տղերքը «լոմկվում» էին, ինքնասիրությունից ելնելով, որ իրենք լավ տղա են, արժանապատվություն ունեն ու խաղում էին։ Ըստ Սուրոյի, սկզբում նորեկներին ոգեւորում էին՝ դիտավորյալ պարտվելով, բայց  հետո միանգամից խաղի ընթացքը փոխվում էր։ Փորձառու խաղացողը ձեռքի ճկուն շարժումներով զառը նենց էր գցում, որ իր ուզած թիվը բռներ։ Ու պարտադիր կրվում ես։ Կրված փողից մի մասը փոխանցվում է գողերին, մնացածը մնում է «զոն նայողի» մոտ՝ ծախսերի համար։

Բայց դե, ընկեր ջան, ինչպես ամենուրեք, ստեղ էլ կա բամբասանք: Ըստ բամբասանքի՝ «զոն նայողը» գողանում է «օբշակից», բայց որ բռնվում է՝ ռելսերից գցում են ու գահընկեց անում։ Նաեւ լսել եմ, որ էդ կրած փողը հալալ չի կարելի համարել։ Հարցրի Սուրոյին։

«Ախպեր ջան, հարամ ա, հարամ... ես էլ էի ժամանակին խաղում, կրում։ Բայց էդ փողերը կամ հիվանդանոցի վրա էի ծախսում կամ քելեխի։ Կամ ինչ-որ բան էր պատահում տնեցիներին։ Բա մարդիկ սաղ ծախում են, ուղարկում բերդ՝ «թավաները» փակելու։ Բա մոր անեծք ա,  կնկա անեծք ա, քրոջ նզովք ա , տո խի չէ՝ հոր նավս ա.... Բա երեխու բերանից կտրում ուղարկում են բերդ, որ իրանց լակոտը  գլուխը բարձր պահի... Բայց լակոտը չի ջոկում ինչ տանջանքներ են կրում դրսում տնեցիք։ Դրա համար անիծում են ու քրֆում են կրողներին։ Երբ հասկացա, էլ չխաղացի՝ ծնողներս մահացան, տղաս ավտոն խփեց, հաշմանդամ դարձավ։ Ես ք...մ էդ փողը, թքած դրանց վրա։ Երկու ամսում ասենք միլիոնատեր  դառա, բայց տղաս հաշմանդամ մնաց, թոռս հիվանդացավ՝ մի կերպ փրկեցինք....»,-ասաց Սուրոն՝ ձեռք թափ տալով գնաց։

Սուրոն ճիշտ ա՝ «պալաժենի» չէր, բայց նրա ապրած կյանքը հաշվի առնելով՝ բոլորը հարգում էին իր խոսքը.... Դրա համար էլ զանգեց ինչ-որ մեկին, որպեսզի Վարդանին էլ նեղություն չտան։ Բա՞, տեսնում ես ինչեր ա կատարվում, հարազատ ջան։

Լսի, ստեղ՝ կալանավայրը ունի իր լեզուն, իր նշմարները, որ իրար ծածուկ հասկացնում են։ Եթե հետաքրքիր ա, գրի‘, հաջորդ նամակումս էդ մասին կգրեմ։ Ինչպես ասում ա հայտնի ֆիլմում՝ հատուկ քեզ համար բառարան կգրեմ։ Էսօր էսքանը։ Լավ մնա։

ԱՌՆՈ ԱՐՇԱԿՈՒՆԻ