Հարկերի մասին տեղեկատվությունն էլեկտրոնային հարթակում հասանելի է . ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News 

ՊԵԿ

Գործարարներն այսուհետ կարող են հարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալ էլեկտրոնային հարթակում:  

Նոյեմբերի 22-ին ներկայացվել են շահութահարկի, շրջանառության և ավելացված արժեքի հարկերի, տրանսֆերային գնագոյացման կարգավորումների օրենսդրական դրույթները պարզաբանող էլեկտրոնային ուղեցույցներ, ինչպես նաև գործարարների լայն շրջանակի համար կիրառելի տիպային գործարքների օրինակներ: Ուղեցույցները մշակել են ոլորտի փորձագետները` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ֆինանսների նախարարության մասնագետների հետ քննարկումների արդյունքում և Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» (Good Governance Fund) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում:

Շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Երևանում Բրիտանական դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիսոն Չիքը և գործարար դաշտի ներկայացուցիչներ։

Ուղեցույցները հասանելի են ՊԵԿ պաշտոնական www.petekamutner.am կայքում երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն։ Հարկատեսակների վերաբերյալ դրույթները և տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ներկայացված են գործնական օրինակներով և գծապատկերներով։ Ուղեցույցներում կան նաև ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածների և ՀՀ կառավարության որոշումների ակտիվ հղումները։ «Պատահական չէ, որ տեղադրված են նաև տիպային գործարքների օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե յուրաքանչյուր գործարքի դեպքում, ինչպես պետք է կիրառվեն հարկային օրենսդրության դրույթները»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նրա կարծիքով ուղեցույցների գնահատականը կտա իրական շահառուն` բիզնես հանրությունը: «Թեև կոմիտեն և ֆինանսների նախարարությունն ունեն իրազեկման ու պաշտոնական պարզաբանում տրամադրելու գործառույթ, սակայն էլեկտրոնային հարթակ ստեղծելու նպատակն այն է, որ հաճախ հանդիպող հարցերի վերաբերյալ լինի պարզեցված, օրինակներով հագեցած բացատրություն, այսինքն` ավելի մանրամասն, քան հնարավոր է ունենալ իրավական ակտում գրված իրավական տեքստով»,-ընդգծել է Արթուր Մանուկյանը: 

Ուղեցույցները պարբերաբար լրամշակվելու են ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններին զուգահեռ: «Ուղեցույցները գալիս են ձևավորելու նոր մշակույթ հարկ վճարող-հարկային մարմիններ փոխհարաբերություններում: Այս հնարավորությունից օգտվելով հարկ վճարողները կկարողանան գործել ավելի կանխատեսելի և հասկանալի հարկային միջավայրում»,-նշել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` վստահություն հայտնելով, որ ուղեցույցները հարկ վճարողների համար կդառնան «սեղանի գիրք»` էլեկտրոնային տարբերակով և նրանց կծառայեն ամենօրյա հասանելիությամբ:

«Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի նպատակն է բարձրացնել հարկային վարչարարության թափանցիկությունը, ինչպես նաև հարկ վճարողների հարկային համապատասխանությունը, նպաստել հարկային վեճերի քանակի և համապատասխան վարչական ծախսերի նվազեցմանը։