Երևանում 1 ժամվա ընթացքում դանակահարության 2 դեպք է եղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

բակո
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր 1 ժամվա ընթացքում 2 դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:45-ի սահմաներում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, մեջքի հատվածում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է աղբյուրը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Քանաքեռ 6 –րդ փողոցի բնակիչ, 20-ամյա Սամվել Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Հաղթանակ» զբոսայգում դանակահարության հետևանքով:

Նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից դարձյալ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող վերք դեպի որովայն, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը, ով, ըստ բժիշկների հայտարարության՝ ի վիճակի չէ բացատրություն տալու կատարվածի մասին, Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ, 27-ամյա Իշխան Ս.-ն է, ով վնասվածքը ստացել է դանակահարության հետևանքով:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: