Դավիթ Բաբայանը կմասնակցի Արցախի ԱԺ ընտրություններին, նախագահականի մասով դեռ որոշում չկա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Արցախ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի կողմից ղեկավարվող «Պահպանողական» կուսակցությունը 2020 թ․ կայանալիք Արցախի խորհրդարանական ընտրություններին միանշանակ մասնակցելու է։ Այդ մասին 24News-ին հայտնեց Դավիթ Բաբայանը։

«Ցանկացած կուսակցություն պետք է մասնակցի երկրի քաղաքական գործընթացներին և պետականաշինությանը, իսկ դրա միակ ճանապարհը կամ կարևոր ձևերից մեկը մասնակցությունն է ընտրություններին»,-ասաց նա։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ստեղծման 1 տարին դեռ չբոլորած կուսակցության նկատմամբ հանրության վերաբերմունքը, ունի՞ բավարար աջակցություն, Դավիթ Բաբայանը պատասխանեց․

«Ցանկացած քաղաքական ուժ, որը նպատակ ունի մասնակցելու ընտրություններին, պետք է պատրաստ լինի առերեսվելու դժվարությունների ու մարտահրավերների։ Այո՛, երիտասարդ ուժ ենք, բայց ամեն մի ուժ յուրովի է հանրությանը ճանաչելի դառնում։ Մեր պարագայում, թեև երիտասարդ ուժ ենք, բայց արդեն ունենք հեղինակություն, հարգանք ու պատիվ, և դա ձեռք ենք բերել մեր պարկեշտ աշխատանքով, պրոֆեսիոնալիզմով։ Մարդիկ գիտեն՝ մեր կուսակցությունում պարկեշտ մարդիկ են հավաքված, որոնք ամեն ինչ անելու են երկրի համար, որոնք իրենց անձնական շահերը չեն գերադասում պետականից»,-ասաց Դավիթ Բաբայանը և տեղեկացրեց, որ «Պահպանողական» կուսակցությունն արդեն ունի ավելի քան 700 համակիր, որոնց ձեռք չեն բերել համոզելով կամ գումար բաժանելով։

Ինչ վերաբերում է Արցախի նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրելուն կամ որևէ թեկնածուի սատարելուն, այդ մասով Դավիթ Բաբայանը վերնջնական որոշում չունի։

«Որոշում կայացնելու փուլում ենք, հանրությանը դեռ կհայտնենք՝ ի՞նչ ձևաչափով են մասնակցելու՝ սատարելո՞ւ ենք որևէ թեկնածուի, մե՞նք ենք առաջադրելու մեր թեկնածուին, թե՞ ընդհանրապես չենք սատարելու։ Ներկայումս հանդիպումներ ենք ունենում տարբեր տեղեր, մարդկանց կարծիքն ենք հաշվի առնում, որից հետո որոշում կկայացնենք։ Մինչև սահմանված ժամկետի ավարտը որոշում կկայացնենք»,-ասաց նա։

Հասմիկ Կիրակոսյան