Մահացած զինվորը դիմել էր բուժկետ, ասել, որ լավ չի, բուժկետում հերքում են. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

զինվոր

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բանակում ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին, ինչը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Փետրվարի 9-ին հերթական տեղեկությունը ստացվեց, որ զինծառայող Վալերի Պետրոսյանը հանկարծամահ է եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մահացած զինվորը երկու օր առաջ դիմել է զորամասի բուժկետ և հայտնել, որ իրեն լավ չի զգում, սակայն զորամասի բուժկետում հերքում են այդ տեղեկությունները, և անգամ զորամասի գրանցամատյանում չկա որևէ գրառում, որ զինվորը դիմել է բուժկետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահները պարզել են՝ զորակոչվելիս զինվորը որևէ սահմանափակում չի ունեցել, ասել է թե՝ առողջական որևէ խնդիր չի ունեցել՝ նաև բժշկական պաշտոնական եզրակացության տվյալներով:

Ի դեպ, սա այս տարվա հունվարի 1-ից մինչև փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածում 8-րդ մահվան դեպքն է, ու զինվորները չեն մահացել հակառակորդի կրակոցից, այլ խաղաղ պայմաններում՝ տարբեր հանգամանքներում:

Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ բանակում տեղի ունեցած դեպքերից հետո պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փոխնախարարներից մեկին հանձնարարել է ստուգումներ իրականացնել զորամասերում և ստուգայցեր կատարել: Բայց գործընթացը մի փոքր դանդաղել է, քանի որ ՊՆ և ԶՈՒ փոխհարաբերությունները լարված են: Ու այս պայմաններում, ըստ լուրերի, դժվար է գտնել Զինված ուժերի գլխավոր շտաբից որևէ ներկայացուցիչ, որը կկարողանա ՊՆ-ի հետ համագործակցված գործունեություն իրականացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։